«ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Արմենիա»-ի մասնագետները ՀՊՏՀ-ում երկօրյա սեմինար են վարել

Դիտումների քանակ՝ 1761

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը ուսանողների համար կազմակերպում է մասնագիտական քննարկումներ և հանդիպումներ, որոնց մեկնարկը տրվել է մարտի 27-ին: Նախաձեռնության շրջանակում ուսանողների համար մարտի 27-28-ը սեմինարներ են վարել «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՍՊԸ մարդկային ռեսուրսների ղեկավար Սոնա Մարտիրոսյանը, հարկային և իրավաբանական բաժնի մենեջեր Կարեն Սարգսյանը և աուդիտի բաժնի մենեջեր Շահանե Ալեքսանյանը:

Սկզբում Սոնա Մարտիրոսյանը ներկայացրել է ընկերության հայաստանյան գրասենյակի գործունեությունը, թափուր աշխատատեղերը, այնուհետև տեղական և միջազգային հարկային քաղաքականության վերաբերյալ մասնագիտական վերլուծություն է կատարել Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ հարկային օրենսգրքին և միջազգային հարաբերություններին, միջազգային հարկման քաղաքականության մշակման գործում ՏՀԶԿ դերին, ՀՀ-ում BEPS փաթեթի կիրառությանը, տրանսֆերային գնագոյացմանը, օֆշորային գոտիներին, Apple, Google, Amazon ընկերությունների օրինակով քննարկվել են նաև հարկերի խուսափման խոշորագույն դեպքերը: Հանդիպումն ամփոփել է Շահանե Ալեքսանյանը, ով ներկայացրել է աուդիտի առանձնահատկությունները, համապատասխան ընթացակարգերը:

Երկօրյա հանդիպումների արդյունքները ներկայացնելով՝ կազմակերպիչ բաժնի ղեկավար Աիդա Առուստամյանն ասաց, որ ուսանողներն ակտիվորեն են մասնակցել, մի շարք հարցեր են ուղղել բանախոսներին, հետաքրքրվել թափուր աշխատատեղերին դիմելու ընթացակարգերով, պահանջվող հմտություններով:

«Հետաքրքրական էր, որ նշված միջազգային կազմակերպությունը, որը զբաղվում է հայտնի ընկերությունների աուդիտով, պատրաստակամ է նորավարտ կադրերին աշխատանքի ընդունել, նրանց տրամադրել մասնագիտական հարթակ, որտեղ առկա են արագ աճի, մրցունակ աշխատավարձ ստանալու հնարավորություններ: Ի դեպ, նախատեսում ենք նրանց հետ համագործակցությունը խորացնել, եկող ուսումնական տարում կրկին կազմակերպել սեմինարներ ու վերապատրաստման դասընթացներ՝ ներգրավելով թե' ուսանողներին, թե' դասախոսներին»,-նշեց շարունակական կրթության և կարիերայի բաժնի պետը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին