Մակրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոսները ուսումնագիտական այցելություն են կատարել ՀՀ վիճակագրական կոմիտե

Դիտումների քանակ՝ 1383

Սեպտեմբերի 28-ին մակրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոսները, ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ ուսումնագիտական այցելություն են ունեցել ՀՀ վիճակագրական կոմիտե (ՀՀ ՎԿ)՝ տեղում խորությամբ ուսումնասիրելու մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների հաշվարկման, այդ հաշվարկների կատարելագործման գիտական և մեթոդաբանական հիմնահարցերը:
Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց Կարեն Գրիգորյանը, կոմիտեի նիստերի դահլիճում մակրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոսների համար բանախոսել են ՀՀ ՎԿ Վիճակագրության պետական խորհրդի անդամ, միկրոէկոնոմիկայի և տնտեսական գործունեության տեսակների բնագավառը համակարգող Գագիկ Անանյանը, նույն խորհրդի անդամ, մակրոէկոնոմիկայի և ֆինանսների բնագավառը համակարգող Լիլիթ Պետրոսյանը և մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժնի պետ Լուսյա Խաչատրյանը:
Գագիկ Անանյանը, որպես վիճակագրական գործունեության փորձառու կազմակերպիչ, հանդես է եկել մեթոդաբանական բնույթի հետաքրքրիր և օգտակար զեկուցմամբ՝ նվիրված կոմիտեի հիմնական գործառույթներին, նպատակներին և խնդիրներին, վիճակագրական տեղեկատվության հավաքագրման ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և ազգային վիճակագրական ծառայությունների, մասնավորապես՝ ԵՄ, ԱՊՀ և ԵԱՏՄ վիճակագրական կառույցների հետ համագործակցությանը:
Մյուս բանախոսները՝ Լուսյա Խաչատրյանը և Լիլիթ Պետրոսյանը ներկայացրել են Հայաստանի ազգային հաշիվների ցուցանիշների վերանայման քաղաքականությունը, ազգային տնտեսության ճյուղային դասակարգման, տնտեսական գործունեության տեսակների դասակարգման առանձնահատկությունները, միկրոտնտեսական տեղեկատվության և ցուցանիշների մակրոտնտեսական ագրեգավորման մեխանիզմները, ՄԱԿ-ի և Եվրոպական Վիճակագրության փորձառության սկզբունքները: Մանրամասն դիտարկվել են նաև կոմիտեի վիճակագրական տվյալների շտեմարանները, տվյալների բազաները և մեթատվյալները:
Հանդիպման երկրորդ մասում մակրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոսները մի շարք հարցեր են ուղղել մասնագետներին՝ ստանալով սպառիչ պատասխաններ:
Կարեն Գրիգորյանը հետաքրքրվել է նաև ամբիոնի շրջանավարտների՝ ՀՀ ՎԿ-ում թափուր պաշտոնների մրցույթներին մասնակցության հնարավորություններով: Մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի խոսքով՝ տնտեսության տարբեր բնագավառների և ոլորտների վերաբերյալ ստացած մասնագիտական գործնական գիտելիքները ամբիոնի դասախոսները կկիրառեն համալսարանում դասավանդվող առարկաների ուսումնական նյութերի մեջ, ինչպես նաև կօգտագործեն հետազոտական աշխատանքներում:
«Մասնագիտական վերապատրաստումների այս փորձը լինելու է շարունակական, ընդգրկելու է ամբիոնի մասնագիտական ուղղվածությանն առնչվող պետական կառավարման մի շարք մարմիններ, որոնք մշակում և իրականացնում են տնտեսական քաղաքականություն»,- ասաց ամբիոնի ղեկավարը:
Մակրոէկոնոմիկայի ամբիոնն իր շնորհակալությունն է հայտնում ՀՀ ՎԿ աշխատակազմին՝ աջակցության և կամավոր հիմունքներով նման վերապատրաստում կազմակերպելու համար:

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է ամբիոնը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին