ՀՊՏՀ ուսանող, եռացատկորդ Լևոն Աղասյանը՝ ոսկե մեդալակիր

Դիտումների քանակ՝ 1492

Հայաստանի առաջատար եռացատկորդ, Օլիմպիական խաղերի մասնակից Լևոն Աղասյանը, որը ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է (հեռակա), փետրվարի 16-ին Ստամբուլում տեղի ունեցած Ատլետիկայի բալկանյան երկրների առաջնությունում 16.71 մետր արդյունքով ոսկե մեդալ է նվաճել: Տաղանդավոր մարզիկն արդեն 4-րդ անգամն է (3-րդ տարին անընդմեջ) հաղթում այս մրցումներում:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցել է Լևոնի հետ. այս պահին նա Թուրքիայում է և օրեր անց մեկնելու է Գլազգո՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու:
«Սա Ատլետիկայի բալկանյան երկրների թվով 24-րդ առաջնությունն էր, որտեղ մրցակցում էին 20 երկրների մարզիկներ, ի դեպ, Ադրբեջանն՝ առաջին անգամ: Իմ այս հաղթանակը մյուսներից տարբերվեց նրանով, որ ավելի բուռն էր հարազատներիս, հայրենակիցներիս արձագանքը (պայմանավորված նրանով, որ պայքարում էի թուրք և ադրբեջանցի եռացատկորդների հետ): Այժմ պարապում եմ առաջիկա մրցումներում լավագույնս հանդես գալու համար»,-ասաց մարզիկը:
Շնորհավորում ենք Լևոնին հերթական փայլուն հաղթանակի առիթով:

Երկրորդ լուսանկարում Լևոնը մարզչի՝ Արսեն Պետրոսյանի հետ է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին