ՀՊՏՀ գրադարանը՝ ամենամյա 6-րդ «Ընթերցանության մարաթոնի» մասնակից

09.04.2021
Դիտումների քանակ՝ 1160

Այսօր մեկնարկել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա 6-րդ «Ընթերցանության մարաթոնը», որին առցանց մասնակցություն է ունեցել ՀՊՏՀ գրադարանը։

Վիրտուալ մարաթոնին միացել են Երևանի և մարզերի «ամերիկյան անկյուններից» և գրադարաններից։ Մարաթոնային ընթերցանության համար այս տարի ընտրվել է շատերի կողմից սիրված մի ստեղծագործություն՝ ամերիկացի գրող Ռաքել Պալացիոյի «Հրաշքը» վեպը։

Ըստ մարաթոնի ձևաչափի՝ մասնակիցներից յուրաքանչյուրը գրքից հատված է կարդում. ՀՊՏՀ-ից կարդացել է կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Թագուհի Գևորգյանը։

«Սա ընթերցանությունը խրախուսելու և գրքասերներին համախմբելու մի ձև է, և այն, անշուշտ, գովելի է»,– asue.am հետ զրույցում ասաց ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը։

Նշենք, որ մեր գրադարանն այս տարի երկրորդ անգամ է միանում ընթերցանության մարաթոնին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին