ՀՊՏՀ կազմակերպած հանրապետական մրցույթն ամփոփվեց մրցանակաբաշխությամբ և ճանաչողական-մշակութային ծրագրով

09.04.2021
Դիտումների քանակ՝ 1417

Ամփոփվեց հանրապետական մրցույթը, որը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, տնտեսագիտական կրթության խրախուսման և զարգացման նպատակով, կազմակերպել էր ավագ դպրոցների ավարտական դասարանի (12-րդ դասարան) աշակերտների համար: Մրցույթի մասնակիցները մարտի 19-ին գրել էին էսսեներ՝ «Ինչո՞ւ դառնալ տնտեսագետ» թեմայով:

Այսօր ՀՊՏՀ հանդիսասրահում էին համալսարանի ղեկավարությունն ու ուսանողական խորհուրդը, մասնակից աշակերտներն ու նրանց ծնողները: Սպասման հաճելի մթնոլորտում փոքր-ինչ անց հայտնի պետք է դառնային մրցանակակիրները: Ներկաներին ողջունեց և շնորհավորեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ ընդգծելով, որ լավագույն աշխատանքներն առանձնացնելն իրապես դժվար էր, քանի որ գովեստի արժանի շատ աշխատանքներ կային։ Ինչպես նշեց ռեկտորը, հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ հանձնաժողովը որոշել է, բացի մրցանակային տեղերից, խրախուսական նվերներ հանձնել տասնյակից ավելի ուշագրավ աշխատանքների հեղինակներին։ Բուհի ղեկավարը շնորհավորեց մրցույթի մասնակիցներին և հույս հայտնեց, որ նոր ուսումնական տարում նրանց կտեսնենք ՀՊՏՀ-ում։

Օրը հանդիսավորությամբ ու տոնականությամբ հագեցավ հատկապես նրանց համար, ովքեր արժանացան հաղթողի կոչման և ովքեր ստացան խրախուսական մրցանակներ: Միջոցառմանը տոնական շունչ էին հաղորդում ՀՊՏՀ տաղանդաշատ ուսանողների պատրաստած մշակութային ծրագիրը, բուհի մասին պատմող նրանց ոգեշնչող ելույթներն ու տեսահոլովակները:

Այսպիսով, մրցույթին մասնակցած 88 աշակերտից 17-ին հանձնվեցին խրախուսական մրցանակներ, այդ թվում՝ 6 մասնակցի՝ ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանի ուղեգրեր, 11-ին՝ ՀՊՏՀ տարբերանշանով շապիկներ և այլ նվերներ։

1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած աշակերտներն են՝ 1-ին տեղ՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի ավագ դպրոցից Մերի Աբրահամյանը, 2-րդ տեղ՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցից Սոնա Միրումյանը և 3-րդ տեղ՝ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 1 դպրոցից Ռոզա Սարոյանը։ Նրանք արժանացան 100 հազարական դրամ կրթաթոշակի, որը կստանան ՀՊՏՀ ընդունվելու դեպքում։ Մրցանակները հանձնեց ռեկտոր Դիանա Գալոյանը:

Մրցույթի կազմակերպիչ ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնից հայտնում են, որ մրցատյանը, աշխատանքները գնահատելիս, հաշվի էր առել հետևյալ չափանիշները. շարադրանքի համապատասխանություն թեմային, ստեղծագործական միտք, մոտիվացիա, տրամաբանական փաստարկում, լեզվական գրագիտություն։

Հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը շրջայց կատարեցին բուհում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին