ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի՝ Կանանց տոնի առիթով

08.03.2023
Դիտումների քանակ՝ 688

Սիրելի՛ կանայք,
Կանանց տոնի առթիվ ձեզ շնորհավորելը միշտ հաճելի է, բայց նաև բարդ է այնքանով, որ ամեն անգամ ցանկանում եմ չկրկնվել, ձեզ արժանի բառեր գտնել և մաղթանքներ հասցեագրել։

Ինձ համար շատ ուրախալի է, որ մեր բուհում, ի դեմս ձեզ, աշխատում են առաջատար գիտնական-մանկավարժներ, հմուտ կառավարիչներ, բարեխիղճ ու բանիմաց աշխատակիցներ, սովորում են առաջադեմ ու հարուստ գիտելիքով օժտված ուսանողուհիներ։ Գնահատելի է ձեր աշխատասիրությունը, սկզբունքայնությունը և նվիրումը։

Սիրելինե՛րս, ըստ էության, բոլորս համանման երազանքներ, սպասումներ, ձգտումներ ու մտահոգություններ ունենք։ Ուստի, մաղթելով ձեզ առողջություն, հոգու խաղաղություն, ընտանեկան անդորր ու սեր, ցանկանում եմ, որ միշտ լինեք կանացի, ստեղծագործական եռանդով լի և ապագային նայեք հավատով ու լավատեսությամբ։

Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Դիանա Գալոյան