Փոխանակային ծրագրով ՀՊՏՀ-ում էր Կրակովի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Մարեկ Դաբրովսկին (լուսանկարներ)

12.10.2021
Դիտումների քանակ՝ 1169

ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 4-8-ը մեր համալսարանում էր Կրակովի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Մարեկ Դաբրովսկին: Պրոֆեսորի քառօրյա այցը հագեցած էր երկուստեք օգտակար ու բովանդակալից հանդիպումներով: Այսպես՝տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի ուսանողների համար նա դասախոսել է «Փոքր բաց տնտեսության մակրոտնտեսական մոդելավորում. փոխարժեքի անհամապատասխանություններ» թեմայով, ապա հանդիպել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գործընկերների հետ, քննարկել երկու ակադեմիական հաստատությունների միջև համագործակցության հնարավորությունները՝ համատեղ հետազոտական ծրագրերի իրականացում, միջոցառումների կազմակերպում: Մարեկ Դաբրովսկին մասնակցել է նաև ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումների, որոնց ընթացքում արծարծվել են տնտեսագիտական, մասնավորապես՝ մակրոտնտեսագիտական հիմնախնդիրներ, կատարվել են Հայաստանի և Լեհաստանի տնտեսական իրողությունների համադրումներ: Լեհ գործընկերը մասնակցել է նաև հոկտեմբերի 8-ին մեր համալսարանում կայացած Աշխատանքի տոնավաճառին և ուսանողներին ներկայացրել է «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Կրակովի տնտեսագիտական համալսարանում ուսանելու հնարավորությունները:

Այցի ավարտին Մարեկ Դաբրովսկիին ՀՊՏՀ-ի կողմից հանձնվել է մասնակցության հավաստագիր: