ՀՊՏՀ-ում կայացավ հանդիպում-քննարկում ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների շուրջ

11.10.2021
Դիտումների քանակ՝ 906

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) համատեղ կազմակերպած հանդիպում-քննարկումը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին՝ ՀՊՏՀ նիստերի սրահում, նպատակ էր հետապնդում շահառու խմբերի հետ քննարկելու ՀՀ աշխատանքի և զբաղվածության քաղաքականության հիմնահարցերը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններն ու կարգավորումները: Ակնկալվող բովանդակային և կարևոր միջոցառումը համախմբել էր մեր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ուսանողներին, ինչպես նաև պետական և մասնավոր ոլորտի այլ կառույցների աշխատակիցներին: Ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս դե Ուիթը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ Թադևոս Ավետիսյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը: Ընդհանուր առմամբ, միջոցառման մասնակիցների թիվը մոտ 140 մարդ էր։

Բանախոսն էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Ժորա Սարգսյանը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրերին և միջոցառման բոլոր մասնակիցներին՝ Դիանա Գալոյանը բուհի համար մեծ պատիվ համարեց մեր համալսարանում ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ քննարկման կազմակերպումը, որի շրջանակներում մասնակիցները՝ որպես գործատու և աշխատակից, կկարողանան պարզաբանումներ և հարցերի պատասխաններ ստանալ. «Մենք հետագայում որոշակի առաջարկություններ կներկայացնենք թե´ ՀՀ Ազգային ժողովին, թե´ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, իսկ այժմ հուսով եմ՝ քննարկումը կանցնի գործնական և ակադեմիական մթնոլորտում»:

Իր ելույթում Ջեյմս դե Ուիթը բարձր գնահատեց այն համագործակցությունը, որը ձևավորվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՊՏՀ-ի միջև: Նա, մասնավորապես, նշեց, որ փոփոխությունների առաջամարտիկ հանդիսացող երիտասարդությունը մրցակից և ներառական հասարակության շարժիչ ուժն է, ուստի պետք է համապատասխան պայմաններ ստեղծել նրանց կարողությունների զարգացման համար։ «Երիտասարդության ներուժի ամրապնդման և վերջինիս ինքնաարտահայտման խրախուսման հիմքը կրթությունն է, և պատահական չէ, որ այս հանդիպում-քննարկումը կազմակերպվել է ՀՊՏՀ հարկի ներքո»։ Ջեյմս դե Ուիթը կարևորեց երիտասարդության խրախուսման գործում ՀՀ Կառավարության հետևողական քաղաքականությունը ։

«Աշխատանքի և զբաղվածության քաղաքականությունը» թեմայով իր ելույթն սկսելուց առաջ հիմնական բանախոս Ժորա Սարգսյանն ասաց. «ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է բազմաթիվ փոփոխություններ, և ամենախոշորներից մեկը աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասով է: Այսօրվա հանդիպումը, որը պարզաբանման և ներկայացման նպատակ է հետապնդում, նաև ուղղված է ֆիտբեք, այսինքն՝ կարծիքներ և առաջարկներ ստանալուն»:

Ներկայացնելով իր ելույթի նպատակն ու առանցքային շեշտադրումները՝ Ժորա Սարգսյանն անդրադարձ կատարեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի այն գործող կարգավորումներին, որոնք շահառուների՝ գործատուի և աշխատողի համար համակողմանի պարզաբանման կարիք ունեն: Նա, մասնավորապես, կանգ առավ աշխատանքային հարաբերությունների ձևավորման և դադարման, աշխատաժամանակին և հանգստին վերաբերող, աշխատավարձի հաշվարկման և վճարման, աշխատանքային կարգապահության և վեճերի կարգավորումներին, պարզաբանեց գործատուի ներքին և անհատական իրավական ակտերը, աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը, աշխատանքի ընդունման, աշխատանքային պայմանագրի բովանդակության, աշխատանքային ռեժիմի, լրավճարի, պարգևավճարի հոդվածները: Հատուկ ուսանողների և աշխատող ուսանողների համար Ժորա Սարգսյանը մեկնաբանեց նաև փորձաշրջանի, դրա ժամկետների, ուսանողական արձակուրդի հիմնահարցերը և բազմաթիվ այլ հոդվածներ՝ հայրության նպաստ, համատեղությամբ աշխատանք և այլն:

Բանախոսին հարցեր ուղղեցին ռեկտոր Դիանա Գալոյանը, պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, դոցենտներ Ատոմ Մարգարյանը, Ռուբեն Ղանթարչյանը:

Բարձրացված հարցերի շուրջ իր դիտարկումները ներկայացրեց դոցենտ Թադևոս Ավետիսյանը՝ արժևորելով քննարկման արդյունավետությունը, իր հերթին մի շարք պարզաբանումներ կատարելով: Անդրադառնալով համալսարանում նույն օրը կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին՝ նա հատկանշեց, որ ինքն ականատես է եղել, թե ինչպես մի քանի հոգի աշխատանքի առաջարկ է ստացել տեղում: Թադևոս Ավետիսյանը կարևորեց աշխատանքի տոնավաճառների անցկացման գործում կարիերայի կենտրոնների գործառնական արդյունավետության խնդիրը և առաջարկեց առցանց աշխատանքի տոնավաճառների գաղափարը:

Հանդիպում-քննարկումն անցավ հագեցած ու արդյունավետ և ծառայեց այն նպատակին, որն ի սկզբանե շեշտադրում էին կազմակերպիչներն ու մասնակիցները: