Այսուհետ ՄՏՀ մագիստրոսները հնարավորություն կունենան ստանալու կրկնակի դիպլոմ

17.06.2022
Դիտումների քանակ՝ 1101

Ուրախությամբ հայտնում ենք, որ ԱՊՀ ՑՀ-ի հետ համագործակցության շրջանակներում ՀՊՏՀ-ն Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի հետ մշակել է միջազգային տնտեսական հարաբերությունների համատեղ մագիստրոսական ծրագիր, որն ուսանողներին հնարավորություն է ընձեռելու, երկու գործընկեր համալսարաններում (մեկ տարի՝ ՀՊՏՀ-ում, մեկ տարի՝ ՌԺԲՀ-ում) սովորելով, ստանալ երկու բուհերի ավարտական փաստաթղթեր: ՌԺԲՀ-ի հետ համատեղ մագիստրոսական ծրագիրը կմեկնարկի 2022-2023 ուսումնական տարում: ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հունիսի 16-ին մասնակցել է ԱՊՀ Ցանցային համալսարանի համակարգող խորհրդի առցանց նիստին, որի ժամանակ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը միացել է Ցանցային համալսարանի շրջանակներում գործող մագիստրոսական «Տնտեսագիտություն» մասնագիտության «Միջազգային առևտուր» և «Միջազգային լոգիստիկա» կրթական ծրագրերին, ինչի վերաբերյալ ՀՊՏՀ ռեկտորը կնքել է հուշագիր:

Նշենք, որ ԱՊՀ ՑՀ համակարգող խորհուրդը ՑՀ-ի ղեկավար կոլեգիալ մարմինն է, որն ապահովում և կազմակերպում է Ցանցային համալսարանի գործունեությունը: Համակարգող խորհրդի նիստին ամփոփվել են ՑՀ-ի գործունեության հիմնական արդյունքները, նախանշվել հեռանկարները, հաստատվել է նոր համալսարանների անդամակցությունը, որոշում է ընդունվել նոր համատեղ կրթական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև նախատեսվել են ՑՀ-ի անդամ բուհերի հետագա անելիքները: Համակարգող խորհրդի նիստին հաջորդել է «Տնտեսագիտություն/ կառավարում» ուղղության աշխատանքային խմբի նիստը, որին մասնակցել են ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը և միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը:

«ԱՊՀ Ցանցային համալսարանի ստեղծման» նախագծի հիմքը դրվել է 2008 թվականին՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ և ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։

2009 թ. հունիսի 11-ին Մոսկվայում ստորագրվել է Անկախ պետությունների համագործակցության կոնսորցիումի մասնակիցների համաձայնագիրը՝ ԱՊՀ Ցանցային համալսարանի ստեղծման հարցով: ԱՊՀ Ցանցային համալսարանին անդամակցում է ԱՊՀ անդամ-պետությունների առաջատար 44 համալսարան՝ 9 երկրից։

Դեռևս 2021 թ. սեպտեմբերին ՀՊՏՀ-ն անդամակցության հայտ էր ներկայացրել ԱՊՀ ՑՀ-ին։ Նույն թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել թեկնածու բուհերի անդամակցության հարցով քվեարկություն, որի արդյունքում, ստանալով անդամ-բուհերի ձայների մեծամասնությունը, ՀՊՏՀ-ն դարձել էր ԱՊՀ Ցանցային համալսարանի անդամ։