Տնտեսագիտականը դիրքավորվում է նաև STEM ոլորտում. ՀՊՏՀ-ն STARMUS հեղինակավոր փառատոնի գործընկերն է
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը պաշտոնապես դարձավ STARMUS հեղինակավոր փառատոնի (որը կկայանա սեպտեմբերի 5-10-ը՝ Երևանում) գործընկերը։ Փառատոնը կրում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը։
Հունիսի 15-ին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և STARMUSE UNIVERSE 2007 SL կազմակերպության հիմնադիր-տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Այն նախատեսում է համագործակցություն ոչ միայն STARMUS փառատոնի կազմակերպման գործում, այլև՝ ապագայում համատեղ նախագծերի իրականացում։
Ողջունելով կազմակերպության տնօրենին և կազմակերպության գործընկերների հետ հարաբերությունների պատասխանատու Քրիստինե Խաչիկյանին՝ ռեկտոր Դիանա Գալոյանը նշեց, որ Տնտեսագիտական համալսարանն ուրախությամբ է միանում փառատոնի կազմակերպմանը և որպես գործընկեր հավատացած է՝ այն մեծապես կնպաստի թե՛ բուհի, թե՛ երկրի հեղինակության բարձրացմանն աշխարհում։ «Տնտեսագիտական համալսարանը փորձում է դիրքավորվել նաև STEM ոլորտում (Science, technology, engineering և mathematics (STEM)/ Գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) այնքանով, որքանով դա կարող է առնչվել մեր մասնագիտություններին՝ բիզնեսին, տվյալագիտությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին։ Այնպես որ, ուրախ ենք՝ որպես գործընկեր միանալ ձեր նախաձեռնությանը»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորը՝ հավաստիացնելով, որ ՀՊՏՀ գործընկերները և ուսանողները կհրավիրվեն մասնակցելու փառատոնին։
Գարիկ Իսրայելյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար, ապա մանրամասնեց, որ փառատոնը միայն աստղագիտության կամ տիեզերագնացության մասին չէ։ Այն հեղինակավոր է իր մասնակիցներով (մասնակցում են Նոբելյան դափնեկիրներ), ապա նաև՝ քննարկվող թեմաների բազմազանությամբ։