Լույս է տեսել Մաքսիմ Մուրադյանի «Բարձրագույն մաթեմատիկա» դասագիրքը
ՀՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մաքսիմ Մուրադյանի հեղինակությամբ լույս է տեսել «Բարձրագույն մաթեմատիկա» դասագիրքը (անալիտիկ երկրաչափություն, գծային հանրահաշիվ, մաթեմատիկական անալիզ, դիֆերենցիալ հավասարումներ): Այն հրատարակման է երաշխավորված ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՊՏՀ գիտական խորհրդի կողմից:
Մեզ հետ զրույցում հեղինակն ասաց, որ դասագիրքը նախատեսված է տնտեսագիտական և հարակից մասնագիտությունների ուսանողների համար, ներառում է բուհերում կարդացվող բարձրագույն մաթեմատիկայի դասընթացի հիմնական բաժինները: Գիրքը հագեցած է տեսական նյութերով, խնդիրներով ու վարժություններով, որոնց զգալի մասն ունի տնտեսագիտական բովանդակություն: Պարունակում է ավելի քան 2600 խնդիր և վարժություն:
Բացի ավանդական ծրագրային նյութից, գրքում զետեղված են նաև մի քանի թեմաներ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից տնտեսագետին: Այդպիսիք են, օրինակ, ֆինանսական մաթեմատիկայի տարրերը, ֆունկցիայի առաձգականությունը, վերջավոր աճերով հավասարումները:
Ինչպես նշվում է ծանոթագրությունում՝ տնտեսագիտական մասնագիտություններից բացի, դասագիրքը կարող է կիրառվել նաև սոցիոլոգիայի, կենսաբանության, բժշկության, գյուղատնտեսական, քիմիական և այլ ֆակուլտետներում:
Գրքի համար հիմք են ծառայել ՀՊՏՀ-ում տասնամյակներ շարունակ հեղինակի կարդացած դասախոսությունները:
«Բարձրագույն մաթեմատիկա»-ն առկա է ՀՊՏՀ գրադարանում և վաճառքում:
Շնորհավորում ենք Մաքսիմ Մուրադյանին և մաղթում գիտական բեղուն գործունեություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին