«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալներ՝ ՀՊՏՀ պրոֆեսորին և դասախոսին

Դիտումների քանակ՝ 1920

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի կապակցությամբ «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով է պարգևատրվել ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ մի խումբ պետական և հասարակական գործիչներ, ինչպես նաև հանրային հատվածի ներկայացուցիչներ պարգևատրվել են «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով: Միքայել Մելքումյանը այդ օրը գործուղման է եղել և պարգևը ստացել է հոկտեմբերի 8-ին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Միքայել Մելքումյանը նշեց, որ սույն պարգևատրումն ուղիղ առնչվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախագահելուն: «Այս ընթացքում կատարվել է մեծ աշխատանք, եղել են բազմաթիվ գործուղումներ, ելույթներ, որոնք միտված են եղել մեր երկրի և ԵԱՏՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: Շատ եմ կարևորում նաև վերջերս՝ սեպտեմբերի 17-ին, Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, որի արդյունքում ստորագրվեց համագործակցության հուշագիր: Ցանկանում եմ ընդգծել, որ մեծ աշխատանք է կատարվում նաև ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությամբ, իսկ ինչ վերաբերում է գիտական և հետազոտական ուղղությանը, ապա մեր խնդիրը նաև ԵԱՏՄ տնտեսությունների վերլուծություններն ու համապատասխան առաջարկների ներկայացումն է»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Տեղեկացնենք, որ «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով է պարգևատրվել նաև ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ., ՀՀ էկոնոմիկայի նախարարության ԵԱՏՄ և արտաքին առևտրի վարչության պետի տեղակալ Էմմա Մովսիսյանը: «Կցանկանայի նշել, որ «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով պարգևատրվող պետական գործիչների ցանկում հայտնվելը ինձ համար ոգևորիչ էր և միաժամանակ՝ պարտավորեցնող: Թեև պետական հատվածում իմ աշխատանքային գործունեությունը սահմանափակվում է ընդամենը 3 տարով, այնուամենայնիվ, վերոնշյալ ժամանակահատվածում փորձել եմ իմ բոլոր ջանքերն ուղղել ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանը: Միաժամանակ ցանկանում եմ իմ երախտիքի խոսքը հայտնել ՀՀ Կառավարությանը՝ մեր աշխատանքը նման կերպ գնահատելու համար: Կարծում եմ, որ նման խրախուսումը յուրաքանչյուրի համար կարող է իր աշխատանքային հմտություններն էլ ավելի կատարելագործելու խթան հանդիսանալ»,- մեզ հետ զրույցում ասաց Էմմա Մովսիսյանը:

Նշենք, որ օրեր առաջ հայտնել էինք, որ ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Եվրասիական փորձագիտական ակումբի» անդամ Աշոտ Թավադյանը ևս պարգևատրվել է այս մեդալով:  Ավելի ուշ տեղեկացանք, որ սույն պարգևատրմանն արժանացել է նաև ՀՊՏՀ շրջանավարտ Արմինե Յարալովան: Հնարավորության դեպքում առաջիկա օրերին կզրուցենք նաև նրա հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մեր շրջանավարտին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին