Բաց դասախոսություն վարեց շվեյցարական համալսարանի պրոռեկտորը

Դիտումների քանակ՝ 1205

ՈւՄԵՖ-ՀՊՏՀ համատեղ մագիստրոսական ծրագրի շրջանակում 1-2 շաբաթով մեր համալսարան այցելող օտարերկրացի բարձր որակավորում ունեցող դասախոսներին ունկնդրելու հնարավորություն ունեն նաև ՀՊՏՀ բակալավրիատի ուսանողները: Նշված  ծրագրի գրասենյակի ղեկավար Խորեն Մխիթարյանի առաջարկով դեռ նախորդ ուսումնական տարվանից հրավիրյալ մասնագետները արտալսարանային դասախոսությունների ձևաչափում արդիական թեմաներ են լուսաբանում (անգլերենով), ուսանողներին հաղորդակից դարձնում միջազգային կրթական նոր մշակույթի, բարձրացնում նրանց սովորելու մոտիվացիան, բարելավում անգլերենի իմացությունը:

Այսօր կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսեցիների համար «Կազմակերպական վարքագիծ» թեմայով զեկուցում ներկայացրեց ՈւՄԵՖ համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Դեյվիդ Հեյլսթոնսը: Այս դասին դիտարկվեցին աշխատանքի տնտեսագիտությանն առնչվող հարցեր և տեղեկատվություն հաղորդվեց թիմային աշխատանքում առավելագույն ներգրավվածություն ապահովելու, թիմում հաճախ հանդիպող խառնվածքների մասին, ապա՝ թե ինչպես կառավարել վարքը, այդ թվում՝ էմոցիաները:Լսարանը տեսակետներ արտահայտեց կոլեկտիվում վարքագծի կառավարման թեմայի շուրջ, ծավալվեց մտագրոհ:

Մեզ հետ զրույցում Խորեն Մխիթարյանն ասաց, որ առաջիկայում նոր մասնագետների մասնակցությամբ հանդիպումներ կկազմակերպվեն, և ակնկալվում է ուսանողների ակտիվությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին