Մշտադիտարկման այց՝ ՀՊՏՀ. քննարկվել են“PEOPLE” ծրագրի արդյունքները

Դիտումների քանակ՝ 977

Եվրոպական Միության Տեմպուսի «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում» (“PEOPLE”, №543657-TEMPUS-1-2013-1-KZ-TEMPUS-JPGR) ծրագրի կայունության և շարունակականության մշտադիտարկման այցի շրջանակներում Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ներկայացուցիչները՝ ծրագրի համակարգող Լանա Կառլովան և ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը, ծանոթացել են ծրագրի ավարտից հետո կատարված աշխատանքներին։ Երեկ ՀՊՏՀ-ում կայացած հանդիպմանը մասնակցել են ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, անձնակազմի կառավարման բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գոհար Սարգսյանի գլխավորությամբ, որակի ապահովման բաժնի աշխատակիցները՝ պետ Ներսես Գևորգյանի գլխավորությամբ և ուսումնամեթոդական աշխատանքների ծառայության ղեկավար Գայանե Մերդինյանը։
Ինչպես հայտնում են որակի ապահովման բաժնից, հանդիպման ընթացքում ներկայացվել ու քննարկվել են “PEOPLE” ծրագրի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները, դրանց ազդեցությունը և կիրառումը ՀՊՏՀ-ում ծրագրի ավարտից հետո։ Մասնավորապես, մատնանշվել է, որ ծրագրի շրջանակներում եվրոպական գործընկեր համալսարանների՝ Բարձրագույն տեխնիկական (Լիսաբոն, Պորտուգալիա), Կատալոնիայի պոլիտեխնիկական (Բարսելոնա, Իսպանիա) և Թագավորական տեխնոլոգիական համալսարանների (Ստոկհոլմ, Շվեդիա) փորձի ուսումնասիրության և տեղայնացման, կատարված վերապատրաստումների արդյունքում վերանայվել ու ընդլայնվել են անձնակազմի կառավարման բաժնի գործառույթները և գործունեության շրջանակը, կատարելագործվել է անձնակազմի տվյալների բազան ու բարելավվել փաստաթղթավորումը, իրականացվել են պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի մի շարք վերապատրաստումներ, մշակվել ու հաստատվել են նոր կարգեր, ընթացակարգեր և կանոնակարգեր։ Ծրագրի շրջանակներում եվրոպական գործընկերների կողմից անցկացված միջազգային երկու աուդիտի արդյունքում տրված հետագա բարելավման խորհրդատվությունը հաշվի է առնվել և ամրագրվել ՀՊՏՀ 2018-2023թթ. զարգացման ռազմավարությունում:
Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչները բարձր են գնահատել “PEOPLE” ծրագրի ներգործությունը ՀՊՏՀ-ում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին