Դեպի աշխատաշուկա 1-ին քայլն արված է. «Ռոսգոսստրախ Արմենիան» հավաստագրեր է հանձնել ՀՊՏՀ ուսանողներին

Դիտումների քանակ՝ 1377

Տնտեսագիտական համալսարանի ապահովագրական գործ մասնագիտության 4-րդ կուրսի մի խումբ ուսանողներ նախորդ ուստարվա 2-րդ կիսամյակում (ապրիլ-մայիս ամիսներին) վարպետության դասեր են անցել «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունում: Փորձառած ուսանողներն այսօր ընկերության գլխամասային գրասենյակում հանդիսավորությամբ ստացել են մասնակցության հավաստագրեր: Միջոցառմանը ներկա է եղել ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աննա Ասլանյանը, հավաստագրերը հանձնել է «Ռոսգոսստրախ»-ի անձնակազմի կառավարման բաժնի ղեկավար Անահիտ Աստաբատցյանը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի զրույցում Աննա Ասլանյանը նշեց, որ սա հերթական գործակցությունն էր հայաստանյան առաջատար ապահովագրական ընկերություններից մեկի հետ:
«Բարձր կուրսերի ուսանողների համար վարպետության դասերի կազմակերպումը պարբերական է դարձել: Համագործակցության արդյունքում ուսանողները ստանում են մասնագիտական գիտելիքներ, որոնք հետագայում կարող են օգտագործել աշխատաշուկայում, ծանոթանում են գործատուի պահանջներին, ձեռք բերում թիմում աշխատելու հմտություններ: Բացի դրանից, մասնագետների հետ ուսումնասիրում են տեղական ու միջազգային ապահովագրական շուկան, վերհանում հիմնախնդիրները»,-ասաց ամբիոնի ղեկավարը և հավելեց, որ վարպետության այս դասընթացի ընթացքում մասնագիտական հմտություններով աչքի ընկած ուսանող Հայկ Պողոսյանը հյուրընկալող ընկերությունում աշխատանքի հրավեր է ստացել և այժմ աշխատում է:
Ուսանող Լիլիթ Պետրոսյանի կարծիքով էլ ուսումնառությանը զուգահեռ այս փորձառությունն իրեն օգնել է բուհն ավարտելու շեմին տեղեկացված լինել աշխատաշուկա մուտք գործելու «կանոններին»:
Շնորհավորում ենք հավաստագրի արժանացածներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին