«Բաց դռների օր» ՀՊՏՀ-ում

19.11.2021
Դիտումների քանակ՝ 1213

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ապագայում որպես բուհ ընտրած աշակերտների և քոլեջների ուսանողների համար երեկ բացահայտումների օր էր։ Ինչո՞ւ ընտրել Տնտեսագիտական համալսարանը, ինչպիսի՞ կրթություն է առաջարկում բուհը, ի՞նչ մասնագիտություններ կան համալսարանում և որքանո՞վ են դրանք արտահայտում ապագա դիմորդների նախընտրությունները։ Այս հարցերի պատասխանները տրվեցին ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում, որտեղ հավաքվել էին երևանյան տարբեր դպրոցների և քոլեջների ավելի քան 300 սովորողներ։ Մինչ միջոցառման սկիզբն ազդարարելը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքին իրենց կյանքը նվիրած հերոս հայորդիների հիշատակը:

«Եթե դուք ունեք որոշում՝ տնտեսագետ դառնալու, ապա միանգամայն ճիշտ տեղում եք, որովհետև ՀՀ-ում տնտեսագիտական միակ պետական բուհը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն է։ Իսկ եթե դեռևս տարակուսում եք մասնագիտության ընտրության հարցում, ապա վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը ձեզ հաստատապես կհամոզի՝ դուք ապագայում դառնալու եք Տնտեսագիտական համալսարանի ուսանող»,- ապագա դիմորդներին ողջունելով՝ նշեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ ընդգծելով, որ Տնտեսագիտական բուհն ուսանողներին ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության բազում հնարավորություններ է տալիս, որոնց մասին ապագա դիմորդները կարող են տեղեկանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքից և ֆեյսբուքյան էջից։

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի անդամները մեկ առ մեկ ներկայացրին բուհում գործող ֆակուլտետներն ու մասնագիտությունները՝ «Բաց դռների» մասնակիցներին համակողմանի տեղեկություններ փոխանցելով նաև բուհի ենթակառուցվածքների, ընդունելության գործընթացի, առաջարկվող կրթական ծրագրերի, արտասահմանում ուսանելու հնարավորությունների, կարիերայի զարգացման ուղղությունների և հեռանկարների, տրամադրվող կրթաթոշակների և գործող զեղչային համակարգի մասին։ Նշեցին, որ այս տարի ևս համալսարանը ապագա դիմորդների համար կկազմակերպի էսսեների մրցույթ, և հաղթող եռյակը ՀՊՏՀ ընդունվելու դեպքում կստանա միանվագ կրթաթոշակ։

Ուսանողները «չմոռացան» նաև ապագա դիմորդներին վառ կերպով ներկայացնել ուսանողական կյանքի գրավիչ կողմերը և հենց դահլիճում կազմակերպեցին ինտերակտիվ խաղ-վիկտորինա, որի 10 լավագույն մասնակիցներին հանձնեցին խորհրդանշական նվերներ։

Դահլիճային հանդիպումից հետո ապագա տնտեսագետները շրջայց կատարեցին բուհում, եղան տարբեր մասնաշենքերում, ծանոթացան բուհի ենթակառուցվածքներին և նյութատեխնիկական հնարավորություններին։

Ապագա դիմորդները բուհից հեռացան վառ տպավորություններով և իրենց որոշումներում առավել քան վստահ՝ դիմել հենց Տնտեսագիտական համալսարան։