Նոր համագործակցություն. Change Lab-ն ու UpGrade-ը դասընթացների շարք են մեկնարկել

12.04.2022
Դիտումների քանակ՝ 1205

ՀՊՏՀ Change Lab-ն ու UpGrade ընկերությունն սկսում են համատեղ դասընթացների նոր շարք՝ «Ի՞նչ գրաֆիկ դիզայն» անվամբ, որի նպատակն է ՀՊՏՀ ուսանողներին գիտելիք և հմտություն փոխանցել գրաֆիկական դիզայնի բովանդակության, գործընթացների և վերջնարդյունքի վերաբերյալ։

Ապրիլի 11-ին Change Lab-ում դասընթացի մեկնարկը ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։ Կարևորելով ոչ ֆորմալ կրթության ընձեռած հնարավորությունները՝ աշխատաշուկա դուրս գալու, գիտելիքները հարստացնելու և հմտությունները զարգացնելու առումով, ռեկտորն ընդգծեց, որ ուսանողներն իրենք կարող են առաջարկել, թե ինչ թրեյնինգների են ցանկանում մասնակցել։ «ՀՊՏՀ-ն ու Change Lab-ը բաց են առաջարկությունների և համագործակցության համար, պատրաստ՝ ըստ պահանջարկի ձևավորել առաջարկ»,- ասաց Դիանա Գալոյանը։

Change Lab-ի տնօրեն Արտակ Ասլանյանն էլ տեղեկացրեց, որ դասընթացը երիտասարդներին գրաֆիկական դիզայնի գործիքակազմին ծանոթանալու հնարավորություն կընձեռի, գործիքակազմ, որն իրենց աշխատանքում կարող են օգտագործել թե´ մարքեթոլոգները, թե´ մենեջերները, թե´ կառավարիչները։ «Դասընթացն ընդհանուր գիտելիք է տալու նաև գրաֆիկ դիզայնի՝ արդեն ձևավորված թիմը կառավարելու մեթոդներին տիրապետելու առումով։ Այսինքն՝ մենք ուսանողներին տալու ենք գիտելիք, թե ինչպես կառավարել գրաֆիկ դիզայնի թիմը»,- նշեց Արտակ Ասլանյանը։

Թրեյնինգներին մասնակցելու նպատակով նախապես հայտագրված ավելի քան 114 դիմորդներից ընտրվել է 60-ը: «Փոփոխությունների թիմին» հետաքրքրել են հենց այս հաջողակների մոտիվացիոն նամակները։

UpGrade-ի համահիմնադիր, ծրագրերի համակարգող Սաթենիկ Ասիլյանն ընդգծեց, որ դասընթացի նպատակը ոչ միայն գիտելիք և փորձ փոխանցելն է, այլև փորձառուներին աշխատանքով ապահովելը. «Դասընթացի մասնակից այն երիտասարդները, որոնք կցանկանան փորձառություն անցնել, կարող են ապավինել մեր օգնությանը։ UpGrade-ը կկազմակերպի այդ փորձառությունը և հնարավորինս կաջակցի»։

«Ի՞նչ գրաֆիկ դիզայն»-ի երկամսյա դասընթացին իր գիտելիքը, փորձն ու հմտությունը ՀՊՏՀ ուսանողներին կփոխանցի ոլորտի առաջատար մասնագետներից մեկը՝ Նուարա Մարգարյանը։