«Հավանականությունների տեսություն» նոր ձեռնարկը ուսանողին կօգնի առարկան հեշտ յուրացնել

Դիտումների քանակ՝ 2679

ՀՊՏՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Վլադիմիր Դավթյանի «Հավանականությունների տեսություն» ուսումնական ձեռնարկը («Տնտեսագետ» հրատարակչություն): Բուհերի տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների համար նախատեսված գիրքը ներառում է հավանականությունների տեսության հիմունքները, որոնք ուղեկցվում են համապատասխան խնդիրների լուծումներով, միաժամանակ առաջարկվում են համանման խնդիրներ՝ ինքնուրույն լուծելու համար:
«Ձեռնարկը ուսանողներին կօգնի «Հավանականությունների տեսություն» առարկան հեշտ յուրացնել (հարկ է նշել, որ կարիք կար հայերենով ավելի պարզ շարադրված գրականության: Բովանդակությունը համապատասխանում է գործող ուսումնական ծրագրին): Առարկան ուսումնասիրում է պատահական երևույթների տեղի ունենալու օրինաչափությունները, զբաղվում է դրանք հետազոտելու մեթոդների ստեղծումով, զարգացնում է մաթեմատիկական մտածելակերպ, ուստի կարևոր է, որ ուսանողները լավ տիրապետեն»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց Վլադիմիր Դավթյանը՝ ներկայացնելով գիրքը:
Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, ֆիզ. մաթ. գիտությունների դոկտոր Մհեր Աղալովյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ձեռնարկը շատ կարևոր է մեր ուսանողների համար՝ հատկապես, որ հայալեզու հավանականությունների տեսության դասագրքեր քիչ կան: «Այս գրքում ներառված են տնտեսագիտական բնույթի բազմաթիվ օրինակներ, թեստերի նմուշներ, լուծված խնդիրների օրինակներ, ուստի վստահ ենք, որ գիրքը մեծապես կաջակցի ուսանողներին: Նաև շնորհակալություն եմ հայտնում հեղինակին այս ծանր աշխատանքը ստանձնելու և լավագույն ձևով կատարելու համար»,- ասաց Մհեր Աղալովյանը՝ հավելելով, որ ուսանողներն արդեն իսկ կարող են գիրքը վերցնել ՀՊՏՀ գրադարանից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին