ՈւՄԵՖ-ի նոր նախագիծը ասպիրանտների համար

Դիտումների քանակ՝ 1569

ՀՊՏՀ-ի և ՈւՄԵՖ-ի միջև համագործակցությունը նոր ուղղություն է վերցրել և նոր հնարավորություն է առաջարկում մեր համալսարանի ասպիրանտներին: Այդ մասին այսօր ասպիրանտների հետ հանդիպմանը տեղեկացրեց գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը: Մասնավորապես, ՈւՄԵՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը առաջարկում է մի նախագիծ, որը ՀՊՏՀ 5 ասպիրանտ և հայցորդի ընթացիկ կիսամյակի 2 ամիսների ընթացքում Ժնևում, նշված համալսարանում, հնարավորություն կընձեռի ա) կատարել գիտահետազոտական աշխատանք՝ համապատասխան իր ուսումնասիրության ոլորտին, բ) եվրոպացի գործընկերների հետ համատեղ հոդվածներ հեղինակել և գ) անցնել գիտամանկավարժական փորձառություն: Ասպիրանտների կեցության հարցերը (կտրամադրվի հանրակացարան) կհոգա հրավիրող համալսարանը, ճանապարհածախսը՝ ասպիրանտը:
Գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետը նշեց, որ պետք է ձևավորվի առնվազն 3 հոգուց բաղկացած խումբ, հավակնորդները պետք է միջին բարդության անգլերենի թեստավորում անցնեն:
Լրացուցիր հարցերի համար դիմել գիտության և ասպիրանտուրայի բաժին:
Հանդիպման ընթացքում ասպիրանտների հետ գործնական զրույց վարեց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ հետաքրքրվելով նրանց գիտահետազոտական գործունեությամբ ընդհանրապես և թեկնածուական ատենախոսության ընթացքով, ծագած խնդիրներով մասնավորապես: Պրոռեկտորը խորհուրդներ տվեց, ուղղորդեց, հորդորեց ներգրավվել միջազգային համագործակցության ծրագրերում՝ նշելով, որ շարժունությունը, գործընկերային կապերը օգնում են հաջողություն ունենալ ոչ միայն ակադեմիական դաշտում, այլև գործարարության մեջ:
Նա ասպիրանտների ուշադրությունը հրավիրեց նոյեմբերի 26-30-ը «Ապագայի տնտեսության տեսլական. խնդիրներ և հեռանկարներ» խորագրով ՀՊՏՀ 28-րդ գիտաժողովին՝ հիշեցնելով, որ հոդվածների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է:
Հիշեցնենք՝ գիտաժողովը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին