«Ապագայի կառավարման մասնագետ» ծրագիրը ներկայացվեց ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1292

Շարունակական կրթության և կարիերայի բաժնի  նախաձեռնությամբ այսօր մեր համալսարանում  հյուրընկալվեցին «Աթենք» ՍՊԸ-ի մարդկային ռեսուրսների կառավարման, ուսուցման ու վերապատրաստման գծով պատասխանատուները, ովքեր ներկայացրեցին իրենց ընկերության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված «Ապագայի կառավարման մասնագետ» ծրագիրը՝ բացառիկ հնարավորություն ընձեռելով մեր ուսանողներին իրենց գիտելիքները հարստացնելու մասնագիտական տեղեկություններով:

Ինչպես ներկայացրեց ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Նարե Հովհաննիսյանը, «ծրագրի հիմքում ընկած է մեր ղեկավարների առաջնորդությամբ երիտասարդ մասնագետներին մասնագիտական հմտություններով զինելը և ընկերության ապագայի մասնագետներ պատրաստելը»: Ընտրությունը կատարվելու է թեստավորմամբ և հարցազրույցով, որից հետո ընտրված ուսանողներն անցնելու են վարձատրվող վերապատրաստման և անմիջապես աշխատանքի: Բանախոսի հավաստմամբ, ընկերությունն ցանկանում է իր աշխատակազմում ընդգրկել ոչ միայն գիտելիքներով հարուստ և մասնագիտորեն զարգանալու պատրաստակամություն ունեցող ուսանողներ, այլև  դրական անձնային հատկանիշներով օժտված և ճկուն մտածելակերպ ունեցող ուսանողների, ովքեր ընդունակ են բարդ իրավիճակներում յուրօրինակ լուծումներ գտնելու և նոր մոտեցումներ առաջարկելու:

Կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Խաչատրյանին հետաքրքրեց, թե ինչով է պայամանավորված վերապատրաստման և ուսուցման վարձատրումը: Բանախոսը հարցին ի պատասխան հաստատեց, որ արդեն ընտրված ուսանողն, ով անցնում է ուսուցում իրենց ընկերությունում, համարվում է իրենց աշխատակիցը, իսկ եթե հետագայում ինչ-ինչ պատճառներով նա չի աշխատի ընկերությունում, նախ կստանա իր  շնորհակալագիր-երաշխավորագիրը և ապագայում կհամալրի իրենց կադրային բազան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին