Երկօրյա աշխատաժողով ՀՊՏՀ-ում. «Compass»-ը համախմբել էր հայաստանյան համալսարանների ուսանողներին

Դիտումների քանակ՝ 1320

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ  և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ մարտի 19-20-ը մեր համալսարանի միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում կայացել է «Compass» միջբուհական-ուսանողական աշխատաժողովը, որին մասնակցել են հայաստանյան 6 համալսարանների 100 ուսանողներ (800 դիմորդից ընտրվել է 100-ը): Աշխատաժողովի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել առաջատար մասնագետներ Հայաստանից և արտերկրից: Այս մասին տեղեկացնում են մեր համալսարանի ուսանողական խորհրդից:

Աշխատաժողովի մեկնարկին ներկա են եղել ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը բացման խոսքում  կարևորել է  ուսանողների պրակտիկ գիտելիքների և հմտությունների բարձրացմանը նպաստող նմանօրինակ միջոցառումների իրականացումը՝ շեշտելով հանգամանքը, որ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին մեր համալսարանում են հավաքվում հայաստանյան մի շարք բուհերի ուսանողներ, որոնց միավորում են մասնագիտական հետաքրքրությունները, գիտելիքներ ձեռք բերելու, փոխշփումներ ստեղծելու ցանկությունը: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն անդրադարձել է նաև համալսարանում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին՝ ընդգծելով, որ մեծ ուշադրություն է դարձվում դրանցում ուսանողների ներգրավման հարցին:

Սերգեյ Խառատյանն իր ելույթում նշել է, որ ուսանողների ուսումնագիտական մակարդակի բարձացմանն ուղղված միջոցառումների անցկացումը, կրթական որակների բարելավումը մշտապես ՈւԽ ուշադրության կենտրոնում են, և այսօրինակ միջոցառումների անցկացումը ավանդույթ է դարձել:

Առաջին դասախոսությունը վարել է մեր համալսարանում մեկ կիսամյակով հյուրընկալված «Ֆուլբրայթի» կրթաթոշակակիր դասախոս Փիտր Թումանոֆը: Հաջորդիվ բանախոսել է ՀՀ ՓՄՁ հաշվապահների ասոցացիայի նախագահ, հաշվապահական գրասենյակների հիմնադիր Վահագն Համբարձումյանը: Բանախոսության հիմքում եղել է այն աստիճանակարգը, ըստ որի՝ անհատը համալսարանն ավարտելուց հետո կկարողանա ինտեգրվել աշխատաշուկայում սեփական կարողությունների բացահայտման միջոցով: Երկրորդ օրը բանախոսել է PR մասնագետ Հայկ Կիրակոսյանը՝ «Հայ բիզնես PR. ոչնչից դեպի համաշխարհային մոնոպոլիա» թեմայով: Ներկայացվել են  գովազդի, PR-ի տարբեր ձևերը, դրանց օգտագործման արդյունավետությունը և այլն:

Դասախոսություններից բացի, կազմակերպվել են խմբային աշխատանքներ, խաղ-մրցույթներ, ինչպես օրինակ՝ «Brand Game» ինտերակտիվ խաղը, որում առավել արագ կողմնորոշվողներն արժանացել են  մրցանակների:

Աշխատաժողովն ամփոփվել է մարտի 20-ին, մասնակիցները ստացել են հավաստագրեր, որոնք  հանձնել են  ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը, ՈւԽ փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը և ՈւԽ նախագահի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:

Ուշագրավ է, որ ուսանողները հնարավորություն են ունեցել աշխատաժողովին մասնակցել առցանց, ինչի հնարավորությունն ընձեռել է  1-ին ուսանողական ալիքը: «Ուղղությունները շատ են, որոշողը՝ դու». սա աշխատաժողովի կարգախոսն էր, որի ընթացակարգն ու թեմաները նախապես  ընտրվել էին  մասնակիցների կողմից:

Լուսանկարները՝ ՀՊՏՀ ՈւԽ-ից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին