Ապագա հաշվապահները՝ շնորհալիների մրցույթի հաղթող (լուսանկարներ)
Գեղեցիկ գալահամերգով այսօր ավարտվեց «Ուսանողական աշուն-2017» մարզամշակութային փառատոնը, որի ընթացքում տեղի ունեցան երգ ու պարի մրցույթները, վերջում հրապարակվեց փառատոնի բոլոր առաջնությունների ու մրցույթների արդյունքով լավագույնը ճանաչված ֆակուլտետի անունը: Այս տարի ևս փառատոնի հաղթողի կոչմանն արժանացավ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը:
Ամփոփիչ համերգի հյուրերը ՀՊՏՀ դասախոսներն էին, ովքեր քաջալերում էին մրցույթների մասնակիցներին: Ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ներկայացուցիչներ՝ վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը, ավագ լաբորանտ Ալիսա Զարեյանը, դոցենտ Հակոբ Կյոկչյանը, դասախոս Արման Գուլյանը և ուսումնական վարպետ Մեսրոպ Ղուկասյանը «Ուսանողական աշուն-2017»-ի մարզական միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար արժանացան շնորհակալագրերի:
Գալահամերգը հագեցած էր գունեղ կերպարներով, շքեղ շոուներով: Հնչեցին հայկական ու արտասահմանյան հիթային երգեր, ցուցադրվեցին պարային համարձակ կատարումներ:
Փառատոնի մրցատյանի՝ ՈւԽ նախագահության որոշմամբ, մրցանակները բաշխվեցին այսպես. երգի մրցույթում 1-3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, հաշվապահական հաշվառման և աուդիտի, կառավարման ֆակուլտետները, պարի մրցույթում՝ ֆինանսատնտեսագիտական քոլեջի թիմը, ֆինանսական, կառավարման ֆակուլտետները:
ՈւՀԱ հաղթող ճանաչվեց տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը, «Լավագույն հումոր» անվանակարգը ստացան քոլեջի սաները, «Լավագույն երաժշտական համար» անվանակարգը շնորհվեց ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետին, «Ռազմինկա» մրցույթում հաղթեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը:
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը, մշակութային մրցույթներում լրացնելով միավորները, մրցաշարային աղյուսակում ամրապնդեց դիրքերն ու նվաճեց հաղթական գավաթը:
Շնորհավորում ենք բոլոր ուսանողներին, ովքեր մեկ ամիս շարունակ մասնակից դարձան մարզամշակութային ամենասիրված միջոցառմանը:
Հիշեցնենք՝ կազմակերպիչը ուսանողական խորհուրդն էր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին