Յան Զահրադիլին շնորհվեց ՀՊՏՀ պատվավոր դոկտորի կոչում

Դիտումների քանակ՝ 2030

Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլն այսօր Տնտեսագիտական համալսարանում էր. նրան դիմավորեցին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մելքումյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը: Պատվավոր հյուրը համալսարանի հանդիսությունների դահլիճում հանդիպեց բուհի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, աշխատակիցների, և ուսանողների հետ:

Ողջույնի խոսքում ռեկտոր Կորյուն Աթոյանն իր ուրախությունը հայտնեց Յան Զահրադիլին հյուրընկալելու առթիվ, խոսեց ՀՀ կրթական համակարգի մասին, որը Բոլոնիայի գործընթացում է, ներկայացրեց ՀՊՏՀ-ն և նրա համագործակցությունը եվրոպական համալսարանների հետ:

Հյուրին ներկայացրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով հյուրի կենսագրությանը, գործունեությանը:

Յան Զահրադիլը հանդես եկավ համաշխարհային առևտրի շրջափուլում փոքր պետությունների դերակատարման շուրջ դասախոսությամբ:  Իր խոսքն ամփոփելիս՝ եվրապատգամավորը նշեց, որ Հայաստանը միշտ եղել է, կա և կմնա իր լավագույն ընկերը, և ինքը պատրաստ է աջակցել այդ հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպումն ամփոփվեց նշանակալի իրադարձությամբ. ռեկտոր Կորյուն Աթոյանը հայտարարեց, որ ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման գործում նշանակալի ձեռքբերումների և անգնահատելի ավանդի համար Եվրոպայում պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլին շնորհվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: ՀՊՏՀ այս որոշումը հյուրն ընդունեց ուրախությամբ և խոստացավ այդ պատվաբեր կոչումը ցուցադրել իր աշխատասենյակում:

Վերջում Միքայել Մելքումյանը հյուրին նվիրեց իրենց ամբիոնի հրատարակած 2 մենագրություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին