Անգլախոսների ակումբում. ինտերակտիվ դաս «Կոոպերատիվներ. Rochdale Principles» թեմայով

Դիտումների քանակ՝ 1425

ՀՊՏՀ լեզուների ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Սուսաննա Չալաբյանի ղեկավարությամբ մեր համալսարանի «Անգլախոսների ակումբի» անդամների և լեզուների ամբիոնի դասախոսների ու աշխատակիցների այսօրվա հյուրն էր  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսումնական կենտրոնում դասավանդող դոկտոր Պամելա Կարգը: Բանախոսին ներկայացրեց դասախոս Լյուսյա Տեր-Սարգսյանը:

Դասախոսության թեման էր՝ « Կոոպերատիվներ. Rochdale Principles»` տնտեսության մեջ Ռոչդելյան 7 գործարար սկզբունքները, ըստ որոնց  կոոպերատիվները գործում են ամբողջ աշխարհում:

Պամելա Կարգը դասախոսությունն սկսեց ինտերակտիվ մեթոդով՝ լսարանն անմիջականորեն ներգրավելով արծարծվող թեմայի քննարկմանը: Խաղային աճուրդի եղանակով պայմանական գումարի դիմաց նա ներկաներին «վաճառեց» մի շարք գրավիչ իրեր՝ պայուսակ,  կոնֆետներ, շոկոլադե սալիկ, բացիկներ, մոմեր, փազլ, որոնց համար մասնակիցները «վճարեցին» առանձին կամ միասնաբար մի քանի հոգով:

Խաղարկային օրինակով բանախոսը մատչելի կերպով բացատրեց այս յուրահատուկ Rochdale Principles բիզնես մոդելում անդամների տնտեսական մասնակցության, հավասարապես ներդրման և արդյունք քաղելու, ավելցուկի նպատակային օգտագործման սկզբունքները:

Ուսանողները հարցեր ուղղեցին բանախոսին, պատասխանեցին առաջադրված հարցերին և վերջում շնորհակալություն հայտնեցին ուսանելի, հագեցած հանդիպման ու հրաշալի նվերների համար:

Ակումբի նիստի ավարտին Սուսաննա Չալաբյանը տեղեկացրեց, որ Պամելա Կարգի հետ հաջորդ հանդիպումը նախատեսված է մարտի 23-ին: Հավելյալ մանրամասները կտրամադրենք ավելի ուշ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին