Ուսանողները զարգացրեցին մոտիվացիոն նամակ գրելու հմտությունները

Դիտումների քանակ՝ 1737

Ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր մեր բուհում հյուրընկալվել էր «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալական ցանցի վաճառքների վարչության գլխավոր մասնագետ Կրոմվել Թումանյանը, ով ուսանողներին ներկայացրեց մոտիվացիոն նամակ գրելու հմտությունները: Սեմինարի թեման հետաքրքրել էր բազմաթիվ ուսանողների:

Մեզ հետ զրույցում ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ոսկերչյանն ասաց, որ մարտին ակնկալվում է անցկացնել «Կոմպասս» խորագրով աշխատաժողով, որի թեմաներն արդեն ընտրվել են, իսկ սահմանափակ թվով մասնակիցների ընտրությունը կկատարվի մոտիվացիոն նամակների հիման վրա:

«Որպեսզի մեր ուսանողները կարողանան ճիշտ մոտիվացիոն նամակ գրել, մենք հրավիրել ենք մասնագետի, ով համապատասխան ոլորտում աշխատանքային  փորձ ունի և կարող է զարգացնել ուսանողների հմտությունները»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Սեմինարի ընթացքում Կրոմվել Թումանյանը խոսեց մոտիվացիոն նամակի հիմնական  նպատակի, կառուցվածքի, բովանդակության մասին: Բանախոսի հավաստմամբ՝ վերլուծությունն ու հստակությունը լավ մոտիվացիոն նամակի մաս են կազմում. պետք է նպատակը ներկայացվի պարզ և մատչելի, վերլուծվի, պարզաբանվի  ներկայացվածը: Անդրադարձ կատարվեց մոտիվացիոն նամակի հետ ուղարկվող լուսանկարի ընտրությանը, բառընտրության հետ կապված մանրամասներին:

Սեմինարն անցավ հարցուպատասխանի ձևաչափով:

Հանդիպումը որոշակիորեն նախապատրաստեց ուսանողներին հետաքրքիր մոտիվացիոն նամակ գրելու, ինչն էլ հնարավորություն կընձեռի նրանց մարտին կայանալիք աշխատաժողովին մասնակցելու:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին