Ամերիկացի պրոֆեսորը գրքեր նվիրեց ՀՊՏՀ-ին. միջոցառում՝ նվիրված Գիրք նվիրելու օրվան

Դիտումների քանակ՝ 1946

Մեր համալսարանում այսօր գիրք նվիրելու օրը նշանավորվեց յուրատեսակ  միջոցառմամբ, որի շուրջ համախմբվել էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, գրադարանի աշխատակիցները, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, տարբեր ֆակուլտետների ուսանողներ, իսկ միջոցառման հատուկ հյուրերն էին  մեր համալսարանում հյուրընկալված, «Ֆուլբրայթ» հիմնադրամի կրթաթոշակակիր, ամերիկացի  պրոֆեսոր, մեր հայրենակից Փիտր Թումանոֆը և նրա կինը՝ Սյուզանը: Միջոցառմանը բանախոսեց Փիտր Թումանոֆը:

Բացման խոսքով հանդես եկավ Արմինե Հովհաննիսյանը, ով կարևորեց  օրվա խորհուրդը և հայ ժողովրդի կյանքում առանձնակի  արժևորեց գրքի դերը: Գրադարանի տնօրենի խոսքով՝ արդեն ավանդույթ է դարձել գիրք նվիրելու օրվա առիթով ՀՊՏՀգրադարանում միջոցառումներ կազմակերպելը:

Իր ելույթում պրոֆեսոր Թումանոֆն ասաց, որ հաճելի է Հայաստանում մասնակից լինել գիրք նվիրելու օրվան, ապա հավելեց, որի իր ընտանիքի համար գրքերը կարևոր դեր ունեն: Անդրադառնալով «Ֆուլբրայթ» ծրագրին, որով և ինքը Հայաստանում է՝ պրոֆեսորը նշեց, որ դրա հիմնական նպատակը ԱՄՆ-ի և տարբեր երկրների միջև մշակութային փոխանակությունն է:

Ներկաներին հաճելիորեն զարմացրեց բանախոսի անդրադարձը իր հայկական արմատներին և Թումանոֆ ազգանվանը. պրոֆեսորի ազգանունը հայկական Թումանյան ազգանվան, այսպես ասած,  օտարահունչ, ձևափոխված  տարբերակն է:

Փիթր Թումանովը մեր գրադարանին հանձնեց  ԱՄՆ-ից բերված տնտեսագիտական գրքեր (անգլալեզու)՝ հույս հայտնելով, որ դրանք օգտակար կլինեն ապագա տնտեսագետներին:

Ուսանողները, ինչպես նաև գրադարանի աշխատակիցներն իրենց հարցերն ուղղեցին բանախոսին: Հարցերը տարաբնույթ էին՝ ո՞րն է ձեր կարդացած առաջին գիրքը,  ի՞նչ կարծիք ունեք այսօրվա երիտասարդության մասին, ինչպե՞ս կարող են Հայաստանի  ուսանողները դիմել «Ֆուլբրայթ» ծրագրին և այլն:

Օրվա խորհուրդը արժևորեց  պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը. նա ակնածանքով խոսեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մասին, կարևորեց  նրա թողած գրական ժառանգությունը: Պրոռեկտորը գիրքը դիտարկեց իբրև գիտելիք ստանալու անփոխարինելի  միջոց:

Քննարկվեցին տպագիր և էլեկտրոնային գրքերի նկատմամբ մոտեցումները, ներկաներից շատերի կարծիքով՝ տպագիր գիրքն անփոխարինելի արժեք  է:

ՀՊՏՀ գրադարանին գիրք նվիրեցին նաև հենց գրադարանի աշխատակիցները:

Նշենք, որ Փիտր Թումանոֆը առաջիկայում ՀՊՏՀ տարբեր ֆակուլտետներում հանդես կգա դասախոսություններով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին