ՀՊՏՀ միջազգային ԳՈւԽ-ը հանդես եկավ միջանկյալ հաշվետվությամբ
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր 2015-2016թթ. գիտաուսումնական խմբերի հաշվետվությունների ներկայացման առաջին փուլի վերջին սեմինարն էր. ելույթ ունեցավ «Գլոբալացումը և զարգացող երկրների մարտահրավերները» գիտաուսումնական միջազգային խումբը: Հաշվետվությանը ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ղեկավար Սամվել Ավետիսյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ:
Բացման խոսքով հանդես եկավ Գագիկ Վարդանյանը՝ ընդգծելով, որ ՀՊՏՀ-ում լավ ավանդույթ է ձևավորվել. ամեն տարի գիտաուսումնական խմբերում լինում է նաև միջազգային խումբ: Պրոռեկտորը կարևորեց օտարերկրացի ուսանողների ներգրավումը գիտահետազոտական աշխատանքներում:
Խմբի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Խորեն Մխիթարյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրեց խմբի անդամներին, որոնք ՀՊՏՀ օտարերկրացի ուսանող-մագիստրանտներ են:
«Սա արդեն մեր 2-րդ միջազգային խումբն է, ընդգրկված են ուսանողներ Սիրիայից և Հնդկաստանից»,-ընդգծեց խմբի ղեկավարը:
Զեկուցումներով հանդես եկան մագիստրանտներ Նելսոն Նաթը, Հայյան Ադելան և Չեթան Արադիան:
Նելսոն Նաթը անդրադարձավ գլոբալացման հնարավորություններին, առավելություններին, ընդհանուր առմամբ պարզաբանեց հասկացությունը, նշեց դրա ասպեկտները՝ տնտեսական, մշակութային և այլն, վերլուծեց գլոբալացման ազդեցությունը տարբեր ոլորտների վրա: Առանձնահատուկ անդրադարձ կատարելով տնտեսական ոլորտում գլոբալացման երևույթներին՝ բանախոսը դիտարկեց մի շարք առավելություններ, ինչպես օրինակ, ազատ առևտրի հնարավորությունը, որն ապահովում է տնտեսական աճ, զբաղվածություն: Նշվեց նաև գլոբալացման հետևանքով առաջացած թերությունները (օրինակ՝ աշխատուժի շարժի հետևանքով հայրենի երկրում աշխատուժի նվազում):
Մագիստրանտը զեկուցման ավարտին գլոբալացումը կարևորեց մի շարք առումներով՝ նշելով, որ այն կարող է հսկայական փոփոխություններ (դրական) անել աշխարհում:
Զեկուցող Չեթան Արադիան ցույց տվեց Հնդկաստանի վրա գլոբալացման ազդեցությունը: Նա անդրադարձավ տնտեսության, կապի և հեռահաղորդակցության, կրթության և այլ բնագավառներում գլոբալացման դրական ազդեցությանը ՝ աշխարհի տարբեր երկրների հետ համագործակցությունը դիտելով որպես զարգացման յուրահատուկ ուղի:
Հայյան Ադելայի զեկուցումն անդրադարձ էր գլոբալացման որոշ հիմնահարցերի՝ զարգացող երկրների օրինակով, որոնք դեռևս կայացման ճանապարհին են, և որպես կանոն, խոցելի են: Այս համատեքստում ի՞նչ մարտահրավերներ է առաջադրում գլոբալացումը, ո՞ր ոլորտների վրա է ազդում (դրական և բացասական կողմերը). այս հարցերն էին քննարկվում մագիստրանտի զեկուցման մեջ: Ուշագրավ էր մշակութային, էկոլոգիական, առողջապահական ոլորտների վրա գլոբալիզացիոն երևույթների բացասական ազդեցությունը: Օրինակ, գլոբալացումը վտանգի տակ է դնում ազգային մշակույթի գոյությունը կամ համաշխարհային մասշտաբով «Զիկա» վիրուսը սպառնում է բնակչության առողջությանը:
Զեկուցումների ավարտից հետո ներկաները հանդես եկան հարցադրումներով:
Գագիկ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց խմբի անդամներին և նշեց, որ նրանց հետազոտությունների արդյունքում կարող են ի հայտ գալ նոր գաղափարներ, հետագա հետազոտությունների նոր ուղղություններ:
Այսպիսով ավարտվեց այս ուսումնական տարվա ԳՈւԽ սեմինարների առաջին փուլը: Հաշվետվությունների 2-րդ փուլը կմեկնարկի մարտի 29-ին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին