ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը՝ ՀՀ առաջնության միանձնյա առաջատար
2015-2016 թթ. ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնությունում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հավաքականը շարունակական հաղթանակներ է արձանագրում. առաջնության 1-ին (աշնանային) շրջանում ՀՊՏՀ թիմն ունեցավ 6 անընդմեջ հաղթանակ, 2-րդ շրջանում ևս 3 հաղթանակ արձանագրեց և 100 տոկոսանոց արդյունքով, 27 միավորով այժմ թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին տեղեկացրեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը:
«Մեզ համար կարևոր էր փետրվարի 6-ի հանդիպումը՝ «Չարբախ» թիմի հետ, որովհետև այն ուժեղագույն թիմերից է: Այս հանդիպմանը ՀՊՏՀ-ն կրկին հաղթանակ տոնեց՝ 3:2 հաշվով, 3 գոլի հեղինակ դարձավ ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Անդրանիկ Կարապետյանը, ով 2014-2015 թթ. առաջնության լավագույն ռմբարկուն է: Այս շրջանից հետո 7 թիմերից մնալու են 4-ը, որոնք խաղալու են ևս 2 շրջան: Առաջիկա հանդիպումը կլինի փետրվարի 14-ին, «Գյումրի» թիմի հետ», -ասաց Հովհաննես Գաբրիելյանը և հավելեց, որ ՀՊՏՀ ֆուտզալի թիմի գլխավոր մարզիչ Կարեն Միքայելյանի, մարզիկների ջանադիր աշխատանքի շնորհիվ է թիմը հասնում նման արդյունքների:
Ուրախությամբ տեղեկացանք, որ պրոֆեսիոնալ խաղի շնորհիվ ՀՊՏՀ հավաքականի 6 մարզիկներ հրավիրվել են ՀՀ ֆուտզալի ազգային հավաքական:
Մեր ֆուտզալիստներին խրախուսելու համար Հովհաննես Գաբրիելյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ղեկավարությանը, ուսխորհրդին և նշեց, որ ռեկտոր Կորյուն Աթոյանի աջակցությամբ ՀՊՏՀ-ն այս տարի մասնակցելու է Եվրոպայի համալսարանական առաջնությանը, որը կայանալու է հունիսին Խորվաթիայում:
Նշենք, որ 2015-2016 թթ. ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնությունը կամփոփվի մայիսին:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին, մաղթում գոլառատ խաղեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին