ՀՊՏՀ 15 ուսանող կուսանի արտերկրում. բուհի ղեկավարությունը բարի ճանապարհ մաղթեց ուսանողներին

Դիտումների քանակ՝ 1639

2015-2016 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը արտերկրում ուսանելու նպատակով «Էրասմուս+» ծրագրի մրցույթը հաղթահարած ՀՊՏՀ 15 ուսանողներին և նրանց ծնողներին այսօր հյուրընկալեցին մեր համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, դեկանները և արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Կորյուն Աթոյանը, կրկին շնորհավորելով մրցույթը հաղթած ուսանողներին: Ռեկտորը համառոտ անդրադարձ կատարեց «Էրասմուս + » ծրագրին, ապա կարևորեց ուսանողների ուսումնառությունը արտերկրում:

«Ուրախ եմ, որ ՀՊՏՀ 15 ուսանող հյուրընկալվելու է եվրոպական տարբեր համալսարաններում: Մենք նույնպես պատրաստվում ենք ուսանողներ հյուրընկալել արտերկրից: Այսօր առանց միջազգային փորձի. փոխշփումների դժվար կլինի զարգացնել կրթությունը»,-նշեց ռեկտորը՝ ընդգծելով, որ սա «Էրասմուս + » ծրագրի շրջանակներում  ՀՊՏՀ-ից արտերկիր մեկնող   առաջին խումբն է: Բուհի ղեկավարը կոչ արեց ուսանողներին լավ սովորել, պատվով ներկայացնել մեր համալսարանը:

Ելույթ ունեցան պրոռեկտորներ Գագիկ Վարդանյանը, Պարույր Քալանթարյանը: Գագիկ Վարդանյանը խորհուրդներ տվեց ուսանողներին, ինչպես օրինակ, հորդորեց մինչ հյուրընկալող երկիր մեկնելը՝ համացանցից ծանոթանալ նրա պատմությանը, մշակույթին: Գագիկ Վարդանյանը ուսանողներին ասաց, որ արտերկրում գտնվելու ընթացքում պահպանեն կապը ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի հետ, հարցերի դեպքում անկաշկանդ դիմեն: Պարույր Քալանթարյանը պարզաբանեց ուսումնառության հետ կապված որոշ հարցեր: Արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը նույնպես խորհուրդներ տվեց արտերկիր մեկնողներին:

Դեկանները բարի ճանապարհ և հաջողություն մաղթեցին ուսանողներին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց  բիզնեսի կազմակերպում մասնագիտացման 1-ին կուրսի ուսանող (մագիստրանտ) Զոհրապ Մազմանյանի մայրիկի հետ. Սոնա
Միսակյանը ուրախություն հայտնեց, որ որդին ուսանելու է եվրոպական համալսարանում և նշեց՝ չնայած ներքին անհանգստություն ունի օտար երկրի հետ կապված, սակայն միաժամանակ գիտակցում է, որ ուսումը կարևոր է: ՀՊՏՀ ուսանողի հայրն էլ հավելեց՝ սա հիանալի հնարավորություն է որդու համար մասնագիտական գիտելիքները խորացնելու, անգլերենի իմացությունը զարգացնելու, օտար մշակույթին և սովորույթներին ծանոթանալու տեսանկյունից:

Տեղեկացնենք, որ ուսանողները ծրագրի շրջանակներում եվրոպական տարբեր բուհերում ուսանելու են 4-5 ամիս: Ինչպես նշվեց՝ արդեն այս կիրակի կմեկնի ՀՊՏՀ առաջին ուսանողը՝ Տարտուի համալսարան:

Բոլորին մաղթում ենք բարի երթ և հաջող ուսումնառություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին