Ամփոփվեց «Դասախոսական խաղեր-2016»-ը. հաղթողները պարգևատրվեցին
ՀՊՏՀ-ում այսօր եզրափակվեց հունվարի 25-ին մեկնարկած «Դասախոսական խաղեր-2016»-ը, որին մասնակցում էին հայաստանյան պետական 11 բուհեր: Խաղերի ծրագրում ընդգրկված էին 3 առաջնություններ՝ վոլեյբոլի, սեղանի թենիսի, հրաձգության: Մրցանակային տեղեր զբաղեցրած բուհերի թիմերը պարգևատրվեցին գավաթով (առաջին հորիզոնական), մեդալներով և պատվոգրերով:
Միջբուհական խաղերում մրցանակային տեղերը բաշխվեցին այսպես. հրաձգության առաջնությունում 1-ին պատվավոր տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, 2-րդ և 3-րդ տեղերը, համապատասխանաբար Հայաստանում Ֆրանսիական և Երևանի պետական համալսարանները: Սեղանի թենիսում առաջին տեղը զբաղեցրել է Լեզվահասարակագիտական համալսարանը, 2-րդ և 3-րդ տեղերը՝ ԵՊՀ-ն և Պոլիտեխնիկականը: Վոլոյբոլի առաջնությունում 1-ին հորիզոնականում է ԵՊՀ-ն, 2-րդում՝ ՀՊՄՀ-ն , 3 հորիզոնականում՝ ՀՊՏՀ-ն:
Նշենք, որ մեր համալսարանի թիմը հրաձգության և սեղանի թենիսի առաջնություններում նվաճել է 4-րդ հորիզոնականը:
Խաղերի մասնակիցներին այսօր ողջունեցին մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը, ՀՊՏՀ արհկոմիտեի նախագահ Գրիգոր Տերտերյանը: Նրանք կարևորեցին նմանաբնույթ խաղերի անցկացումը, շնորհավորեցին մասնակիցներին և հանձնեցին մրցանակները:
Հայաստանի վոլոյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը ֆեդերացիայի կողմից անհատական մրցանակներ հանձնեց վոլեյբոլի առաջնության լավագույն խաղացողներին. երեք բուհերի ներկայացուցիչներ` Սարգիս Սանդրոսյանը (ԵՊՀ), Սմբատ Լպուտյանը (ՀՊՄՀ), Մեսրոպ Ղուկասյանը (ՀՊՏՀ) արժանացան խորհրդանշական մրցանակների: ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի պրոֆեսոր Լյովա Սամվելյանը «Արդարացի խաղ» անվանակարգում մրցանակ հանձնեց Մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներին:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Հովհաննես Գաբրիելյանն ասաց, որ ՀՊՏՀ նախաձեռնությամբ արդեն 3-րդ տարին անցկացվող դասախոսական խաղերը տարեցտարի ընդլայնում են իրենց շրջանակը:
«Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի բացի վոլեյբոլից, խաղերում ընդգրկվեցին հրաձգության և սեղանի թենիսի առաջնություններ, ինչպես նաև, նախորդ տարիներին մասնակցել է 5, այս տարի՝ 11 բուհ: Սա խոսում է այն մասին, որ հետաքրքրություն և ոգևորություն կա մեր նախաձեռնության նկատմամբ: Նախատեսում ենք գալիք տարի ծրագրում ընդգրկել ևս մեկ՝ շախմատի առաջնություն, կրկին ընդլայնել մասնակիցների քանակը: Խաղերը կարևոր էին հայաստանյան բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոսներին համախմբելու, փորձի փոխանակման, առողջ մրցակցության և մի շարք այլ առումներով»,-ասաց Հովհաննես Գաբրիելյանը:
Նշենք, որ «Դասախոսական խաղեր-2016»-ի մասնակից բուհերն էին Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, Հայաստանում ամերիկյան համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Հերացու անվան Երևանի պետական բշժկական համալսարանը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և միջոցառման կազմակերպիչ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:
Խաղերի ընթացքին մեր բուհում հետևելու էին եկել դասախոսներ, ուսանողներ, մարզասերներ:
Շնորհավորում ենք մասնակիցներին և հաղթողներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին