ՀՊՏՀ դասախոսի մենագրությունն ու գիտական հոդվածները` միջազգային հրատարակություններում
Տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի դասախոս Գայանե Թովմասյանի «Առողջարանային-վերականգնողական զբոսաշրջության զարգացման հիմնական ուղիները Հայաստանում» մենագրությունը 2016թ. հունվարին լույս է տեսել գերմանական «OmniScriptum GmbH & Co. KG» ընկերությանը պատկանող «Lap LAMBERT Academic Publishing» հրատարակչության կողմից:
«Աշխատանքում քննարկվել է զբոսաշրջության էությունը, առողջարանային-վերականգնողական զբոսաշրջության տեղն ու դերը զբոսաշրջային համակարգում, վերլուծվել է Հայաստանում առողջարանային զբոսաշրջության առկա վիճակը: SWOT վերլուծության և կատարված մարքեթինգային հետազոտությունների միջոցով բացահայտվել են ոլորտի զարգացման հիմնախնդիրները, մշակվել և առաջարկվել է առողջարանային զբոսաշրջության զարգացման հայեցակարգ, ինչպես նաև մի շարք գործնական քայլեր` ՀՀ-ում առողջարանային զբոսաշրջության զարգացման նպատակով», - աշխատանքը համառոտ ներկայացրեց Գ. Թովմասյանը` հավելելով, որ այն հասցեագրված է ուսանողներին, հետազոտողներին, ոլորտը կարգավորող պետական կառավարման մարմիններին, ոլորտի կազմակերպություններին, զբոսաշրջիկներին, բնագավառով հետաքրքրվածներին: Մենագրությունը հասանելի է հետևյալ հղումով՝ lap-publishing.com/catalog/details//store/gb/book/978-3-659-83338-0/the-main-ways-of-spa-resort-tourism-advancement-in-armenia:
Հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի դասախոսը նաև հայտնեց, որ իր հոդվածներից երեքը տպագրվել են միջազգային գիտական հանդեսների հունվարյան համարներում և առաջիկայում հասանելի կլինեն ստորև նշված հասցեներում:
Մասնավորապես` «Ռեկրեացիոն զբոսաշրջության զարգացման նախադրյալները և հեռանկարները ՀՀ-ում» հոդվածը լույս է տեսել «Проблемы экономики и менеджмента» գիտագործնական ամսագրում (ք. Իժևսկ), որտեղ քննարկվել և վերլուծվել են ռեկրեացիոն զբոսաշրջության զարգացման հիմքերը, առկա վիճակը, և կատարվել են համապատասխան առաջարկություններ զարգացման ուղղությամբ (կայքի հղումը` icnp.ru/archive-pem): «Զբոսաշրջային հիմնական ակտիվները և դրանց զարգացման հեռանկարները ՀՀ-ում» հոդվածը լույս է տեսել «Вопросы экономических наук» (г. Москва) գիտական ամսագրում, որտեղ դիտարկվել են զբոսաշրջության այն հիմնական տեսակները, որոնց զարգացման համար առկա են նախադրյալներ` պատմական և մշակութային, կրոնական, առողջարանային, սպորտային, արկածային, էկո- և ագրո- զբոսաշրջությունները, քննարկվել են դրանց զարգացման հեռանկարները (կայքի հղումը` sputnikplus.ru/publikatsiya_nauchnyh_statey.htm): «Կրոնական զբոսաշրջության զարգացման հիմքերը և հեռանկարները ՀՀ-ում» հոդվածը լույս է տեսել «Актуальные проблемы гуманитарных и естественных наук» (г. Москва) գիտական ամսագրում, որտեղ Հայաստանը ներկայացվել է որպես քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին երկիրն աշխարհում, քննարկվել են կրոնական զբոսաշրջության զարգացման հիմքերը և հիմնական քայլերը ՀՀ-ում (կայքի հղումը` http://www.publikacia.net/):
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին