Մեր համալսարանի անունը բարձր է հնչում նաև ձեր հաջողությունների շնորհիվ. ՀՊՏՀ մարզիկները չեմպիոնական գավաթներ հանձնեցին ռեկտոր Կորյուն Աթոյանին

Դիտումների քանակ՝ 1194

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կայացավ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի և մեր համալսարանի 2015թ. լավագույն ուսանող-մարզիկների հանդիպումը, որին ներկա էին նաև մեր բուհի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը, նույն ամբիոնի դոցենտ Հակոբ Կյոկչյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի մարզիչ Կարեն Միքայելյանը:

Նշենք, որ 2015թ. ՀՀ բուհերի հանրապետական մարզական 16-րդ խաղերում ՀՊՏՀ-ականները ճանաչվել են լավագույնը ֆուտզալի, հրաձգության, լողի առաջնություններում, իսկ աղջիկների հավաքականը վոլեյբոլ մարզաձևում նվաճել էր բրոնզե մեդալ: Այսօրվա հանդիպմանը ներկա էին նշված առաջնություններում հաղթած մարզիկները:

Համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը նախ շնորհավորեց ներկաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթեց առողջություն, բարի նպատակների իրականացում և նորանոր հաջողություններ: Այնուհետև ռեկտորը շնորհավորեց ՀՊՏՀ-ականներին՝մարզական կյանքում ունեցած լուրջ հաջողությունների համար:

«Մեր համալսարանի անունը բարձր է հնչում նաև ձեր հաջողությունների շնորհիվ: Այդ հաջողությունները, ոչ միայն ձերն են, այլև՝ բոլորինս: Այդ հաջողություններով հպարտանում եք ոչ միայն դուք, այլև մենք,  բուհի աշխատակիցները և ամբողջուսանողությունը»,-ասաց ռեկտորը՝ նշելով, որ մեծ պատիվ է, որ մեր ուսանողները կարողանում են նման շոշափելի հաղթանակներ արձանագրել: Բուհի ղեկավարը առանձնակի շեշտեց ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի հաղթանակները՝ նշելով, որ թիմը ոչ միայն հանրապետական ուսանողական խաղերի, այլև Հայաստանի ֆուտզալի բարձրագույն խմբի չեմպիոն է: Ռեկտոր Կորյուն Աթոյանի հավաստմամբ՝ բուհի ղեկավարությունը շարունակելու պայմաններ ստեղծել, անել հնարավորը, որպեսզի մեր մարզիկները նոր հաջողություններ արձանագրեն:

Հովհաննես Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ համալսարանում սպորտի զարգացմանն աջակցելու համար, ապա ամփոփ ներկայացրեց նոր տարում ուրվագծվող  մարզական միջոցառումները, հանրապետական և միջազգային առաջնություններում հաղթանակի հնարավորությունները և այլն:

Շնորհակալական խոսք ասաց նաև ֆուտզալի թիմի մարզիչ Կարեն Միքայելյանը:

Ավանդույթի համաձայն, հանդիպման ավարտին ուսանող-մարզիկներն իրենց չեմպիոնական գավաթները հանձնեցին ռեկտոր Կորյուն Աթոյանին:

Կրկին շնորհավորում ենք մեր համալսարանի լավագույն  մարզիկներին և մաղթում նորանոր հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին