«Հայժողբանկում». բեմականացումը՝ բանկային գործունեության կազմակերպման մասնագիտության մագիստրանտների

Դիտումների քանակ՝ 1416

Մեր համալսարանի ֆինանսական ֆակուլտետի բանկային գործունեության կազմակերպում մասնագիտացման  առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսեցիները, դասախոս, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ռուզան Սահակյանի հետ համատեղ այսօր ներկայացրեցին յուրօրինակ միջոցառում՝ «Մեկ օր բանկային կյանքից» խորագրով:Միջոցառմանը  ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը,  ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ղեկավար Աննա Ասլանյանը, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, հյուրեր,  ուսանողներ:

Մագիստրանտները բեմականացմամբ ներկայացրին բանկային սպասարկման ոլորտում հնարավոր իրավիճակներ. «Հայժողբանկ» էին այցելում ամենատարբեր մարդիկ՝ տաքսու վարորդ, գեղջկուհի, գիտնական, արվեստագետ, դասախոս, մեծահարուստի կին և այլն:

Սպասարկման բաժնի աշխատակիցը համբերատար լսում էր բոլորի պահանջները և նրանց տրամադրում համապատասխան  տեղեկատվություն, գնահատում նրանց վարկունակությունը, գործարքներ կատարում:

Մագիստրանտները ցույց տվեցին, որ չնայած շատ այցելուների ոչ պատշաճ պահվածքին, սպասարկման աշխատակիցը պետք է լինի համբերատար, բարեհամբույր և սիրով սպասարկի բոլոր այցելուներին: «Հայժողբանկի» օրվա վերջին այցելուն Ձմեռ պապն էր, ով պատվիրեց  «Հայժողբանկ» ամանորյա քարտեր և նվիրեց ներկաներին: Մագիստրանտները կերպարները մարմնավորեցին զարմանալի վարպետությամբ՝ արժանանալով հանդիսատեսի հիացմունքին: Հումորային ներկայացումը արժանացավ ներկաների հավանությանը:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ նշելով, որ տպավորիչ միջոցառում էր, և ուսանողները անկաշկանդ էին իրենց մարմնավորած դերերում: Պրոռեկտորի խոսքով՝ այս մասնագիտության ուսանողները պետք է նպաստեն հասարակության  ֆինանսական ոլորտի մասին գիտելիքների ավելացմանը: Գագիկ Վարդանյանը շնորհավորեց ներկաներին  գալիք տոների առիթով և մաղթեց, որ նրանք կյանքում միշտ վեր դասեն բարձր արժեքները:

Դեկան Վահե Միքայելյանը ելույթում նախաձեռնությունը հետաքրքիր որակեց և մրցանակ հանձնեց մագիստրանտներին և դասախոս Ռուզան Սահակյանին: Շնորհակալական և գոհունակության խոսք ասաց նաև ամբիոնի վարիչ Աննա Ասլանյանը:

Մեզ հետ զրույցում կազմակերպիչ-դասախոս Ռուզան Սահակյանն ընդգծեց, որ  բանկային գործունեության կազմակերպում մասնագիտացման  մագիստրատուրայի 2-րդ կուրսում նմանատիպ միջոցառումներ դասերի ընթացքում հաճախակի են կազմակերվել և այս անգամ այն ներկայացվեց արդեն մեծ լսարանին:

«Այս տարի մագիստրանտները ավարտում են, և ես շատ էի ցանկանում, որ նրանք  թողնեն իրենց հետքը: Կուրսում տաղանդավոր շատ ուսանողներ կան. միջոցառմանը նրանք ցույց տվեցին, որ շատ լավ են պատկերացնում բանկային ոլորտի աշխատանքը: Ներկայացումը նպատակ ուներ նաև տոնական տրամադրություն ստեղծելու»,-ամփոփեց Ռուզան Սահակյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին