Ամփոփվեց «Ուսանողական աշուն-2015»-ը. հաղթողը ֆինանսական ֆակուլտետն է (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1311

ՀՊՏՀ դահլիճում այսօր «Ուսանողական աշուն-2015»  մարզամշակութային փառատոնի գալահամերգն էր, որով  և եզրափակվեց փառատոնը: ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների և Երևանի պետական կոնսերվատորիայի թիմը հանդես  եկան երգի, պարի ելույթներով:

Ինչպես և ակնկալում էինք, հզոր ձայնային տվյալներով աչքի ընկավ Կոնսերվատորիայի ներկայացուցիչը, իսկ պարային և երաժշտական կատարումներում համադրված էին տարբեր ազգերի մշակույթներ: Դահլիճում մեծ խանդավառություն առաջացրեցին  հատկապես հնդկական պարերը, որոնք ՀՊՏՀ հնդիկ ուսանողների  մեծ ոգևորությունն առաջացրեցին:

Մինչ մրցատյանը որոշում էր հաղթողներին, ներկայացվեցին ոչ մրցութային պարային կատարումներ, որտեղ փայլեցին Կոնսերվատորիայի, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողները և ՀՊՏՀ հնդիկ ուսանողը:

Այսպիսով, մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. երգի մրցույթում 1-ին տեղը զբաղեցրեց Կոնսերվատորիան, 2-րդ տեղը՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը, 3-րդ տեղը՝ կառավարմանը: Պարի մրցույթում առաջատար է մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը, 2-րդ տեղում ՏԿ և ՄՏՀ-ն է, 3-րդ տեղում՝ Կոնսերվատորիան:

ՈւՀԱ մրցույթում հաղթողը  մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետն է, «Լավագույն երաժշտական համար» անվանակարգում մրցանակ ստացավ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը, «Ռազմինկա մրցույթի հաղթող»  մրցանակը ստացավ ֆինանսական ֆակուլտետը, «Լավագույն հումոր» անվանակարգում՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը:

Այսպիսով, մարզական առաջնություններում և մշակութային մրցույթներում  վաստակած միավորների հանրագումարով  «Ուսանողական աշուն-2015»-ի լավագույն ֆակուլտետ ճանաչվեց ֆինանսականը:

Փառատոնի եզրափակումը նշանավորվեց նրանով, որ այսօր հայտնի դարձան այն շնորհալի ուսանողների անունները, որոնք հնարավորություն ունեն համալրելու ՀՊՏՀ Нар-Хоз ՈւՀԱ թիմը:

Փառատոնը եզրափակեց ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը՝ շնորհավորելով հաղթողներին և նշելով, որ իրականում հաղթող են բոլորը, քանի որ նրանք  ՀՊՏՀ ուսանող են:

Գեղեցիկ հիշողությունների և անմոռանալի ակնթարթների տոն էր «Ուսանողական աշուն-2015»-ը, որը մեկ ամիս շարունակ համախմբեց մեր համալսարանի, ինչպես նաև Կոնսերվատորիայի ուսանողներին:

Հիշեցնենք, որ փառատոնը կազմակերպվել էր ՀՊՏՀ ՈւԽ նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Շնորհավորում ենք բոլորին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին