«Հայերն Աստծուց օժտված են և ստեղծագործ մտածելակերպ ունեն». ՀՊՏՀ-ում էր ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը

Դիտումների քանակ՝ 1292

Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենին այսօր հյուրընկալվեց մեր համալսարանում և հանդես եկավ «Հայ-հնդկական տնտեսական հարաբերությունները» թեմայով դասախոսությամբ: Ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ՝ այդ թվում նաև մեր համալսարանում սովորող Հնդկաստանի և Սիրիայի քաղաքացիներ:  Հանդիպումը կազմակերպել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը ողջունեց դեսպանին՝ նշելով, որ պատիվ է  մեր համալսարանում ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սուրեշ Բաբու Թադիպանենիին հյուրընկալելը: Կորյուն Աթոյանի խոսքով՝ մեր հանրապետությունում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների հյուրընկալումը Տնտեսագիտական համալսարանում լավ ավանդույթ է դարձել և  հնարավորություն է ընձեռում համալսարանական հանրությանը մեկ անգամ ևս տեղեկանալու տվյալ երկրների միջև առկա համագործակցությանը, դիվանագիտական հարաբերություններին: Անդրադառնալով հայ-հնդկական բարեկամական հարաբերություններին և փոխգործակցությանը՝ համալսարանի ղեկավարն ընդգծեց. «Ուրախությամբ ենք փաստում, որ ՀՊՏՀ-ն ևս այս բարեկամական հարաբերություններում իր կարևոր ավանդն է ներդնում, որի վկայությունն են այսօր դահլիճում ներկա մեր օտարերկրյա ուսանողները՝ Հնդկաստանի Հանրապետությունից: Բուհն անում է առավելագույնը՝ մեզ մոտ սովորող հնդիկ ուսանողների բարձրորակ կրթության ապահովման, ինչպես նաև ուսանողական կյանքում լիարժեք ներգրավման ուղղությամբ: Հնդիկ ուսանողները ներգրավված են նաև բուհի գիտահետազոտական աշխատանքներում՝ 2015 թվականին ձևավորված գիտաուսումնական խմբերից մեկում ընդգրկված է երկու ուսանող Հնդկաստանի Հանրապետությունից»: Ռեկտորի ամբողջական խոսքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենին իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ղեկավարությանը՝ բուհում դասախոսությամբ հանդես գալու հնարավորության համար, ապա ավելացրեց, որ տեսանելի են վերջին տարիների բուհի  ձեռքբերումները: Դեսպանը նաև ողջունեց հանդիպմանը ներկա հնդիկ ուսանողներին և համոզմունք հայտնեց, որ ՀՊՏՀ-ն Հայաստանում տնտեսագիտական կրթություն տվող լավագույն համալսարանն է: Հնդկաստանի դեսպանը դասախոսության շրջանակներում անդրադարձավ հայ-հնդկական հարաբերություններին, Հնդկաստանի տնտեսությանը, զարգացման հիմնական ուղղություններին, Հնդկաստանի կառավարության բարեփոխումներին, առկա մարտահրավերներին:  Առանձնակի ուշագրավ էր դեսպանի  անդրադարձը հայ-հնդկական հարաբերություններին: Այս համատեքստում դեսպանն ասաց, որ թեև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1993 թվականին, սակայն  հայ-հնդկական բարիդրացիական հարաբերությունները ծագել են ավելի վաղ, հազարամյակներ առաջ:

«Հայերն են, որ առաջինը ժամանել են Հնդկաստան և բարիդրացիական հարաբերություններ հաստատել հայ և հնդիկ ժողովուրդների միջև: Հնդիկ ժողովուրդը ևս ջերմությամբ է ընդունել հայերին: Ինչպես գիտենք՝ հայերն Աստծուց օժտված են և ստեղծագործ մտածելակերպ ունեն: Նրանք Հնդկաստանում բարձր պաշտոններ են զբաղեցնում»,-ասաց Սուրեշ Բաբու Թադիպանենին և անդրադարձավ Հնդկաստանում հայկական համայնքներին, գործող հայկական դպրոցներին և եկեղեցիներին, հայ-հնդկական համագործակցության մյուս ուղղություններին՝ այդ թվում կրթական ոլորտում:

Դասախոսությունից հետո ուսանողները դիվանագետին ուղղեցին իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերում էին Հայաստան-Հնդկաստան օդային ուղիղ կապի անհրաժեշտությանը, Մետաքսի ճանապարհի վերագործակման հնարավորությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական ներկա ծրագրերին, հասարակական կյանքում հնդիկ կանանց ներգրավմանը:

Հանդիպումը եզրափակեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ հույս հայտնելով, որ Հնդկաստանի դեսպանի այսօրվա հանդիպումը ՀՊՏՀ-ում մի փոքր ավելի ջերմացրեց հայ-հնդկական հարաբերությունները: Ռեկտորը խոստացավ առավելագույնն անել՝ Տնտեսագիտական համալսարանում սովորող հնդիկ ուսանողների համար հարազատ մթնոլորտ ստեղծելու, նրանց մեր բուհին լիարժեք ինտեգրելու համար: Կորյուն Աթոյանը, ի նշանավորումն այսօրվա հանդիպման, հուշանվեր հանձնեց դեսպանին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին