Գթասրտություն՝ առանց սահմանների

Դիտումների քանակ՝ 1402

ՀՊՏՀ օտար լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-ին հերթական նյութական աջակցությունն է ցուցաբերվել Բալահովիտում ապրող սոցիալապես անապահով մեկ ընտանիքի: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց  Լուսինե Կարագուլյանը, նշված ընտանիքին չորրորդ անգամ են այցելում և նյութական օգնություն ցուցաբերում. սննդամթերք, հագուստ, խաղալիքներ:

«Այս այցելությունը կազմակերպվել է ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի վիճակագրություն մասնագիտության ուսանողների՝ Անի Սարուխանյանի, Դրաստամատ Մովսիսյանի, Մարիամ Աբրահամյանի, Վահե Ղուկասյանի, Արտաշես Պետրոսյանի, Քրիստինե Կարապետյանի ջանքերով: Նրանց խրախուսել և օգնել են ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը, դեկանի տեղակալ Փիրուզա Մայիլյանը և մարքեթինգի ամբիոնի դասախոս Ռուզաննա Բադալյանը:

«Նրանք մասնակցել էին անցյալ տարվա այցելություններին, իսկ այս անգամ հենց իրենք էլ նախաձեռնեցին: Ցանկանում եմ մեր գործընկերներին և ուսանողներին տեղեկացնել, որ այս գործընթացը շարունակական է, և մինչև Ամանոր կայցելենք նաև հենակետային դպրոցներ և էլի մի քանի կարիքավոր ընտանիքի»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Կարագուլյանը՝ ավելացնելով, որ մասնակցել ցանկացողները կարող են դիմել անձամբ իրեն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին