ՈւՀԱ մրցելույթները՝ «Ուսանողական աշուն»-ում

Դիտումների քանակ՝ 1249

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ անցկացվող «Ուսանողական աշուն» մարզամշակութային փառատոնի շրջանակներում այսօր մեկնարկեցին Ուրախների և հնարամիտների ակումբի մրցելույթները: Այսօր ելույթ ունեցան ՀՊՏՀ 3 ՈւՀԱ ֆակուլտետային թիմերը՝   հաշվապահական հաշվառման և աուդիտի, ֆինանսական, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման: Ուսանողներին ոգևորելու էին եկել  պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը:

Յուրաքանչյուր թիմ աչքի ընկավ յուրօրինակ ու ստեղծարար գաղափարներով. ուսանողները  մարմնավորեցին տարբեր կերպարներ, խաղարկեցին ծանոթ և անծանոթ, հավանական ու անհավանական իրավիճակներ: Ուրախները և հնարամիտները լեփ-լեցուն դահլիճին լիաթող ծիծաղ և հիշարժան ակնթարթներ պարգևեցին: Ուշագրավ է, որ այս տարի ՈւՀԱ թիմերի հիմնական ներկայացուցիչները առաջին կուրսեցիներ էին, ովքեր աչքի ընկան սրամիտ  մանրապատումներով:

Նշենք, որ ըստ նախատեսվածի, «Ուսանողական աշուն-2015» մարզամշակութային փառատոնի մշակութային ներկայացումները կեզրափակվեն դեկտեմբերի 18-ին՝ գալահամերգով: Վաղը, ժամը 14.00-ից սկսած,  ելույթ կունենան ինֆորմատիկայի և վիճակագրության, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, կառավարման ֆակուլտետների ՈւՀԱ թիմերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին