Տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 1264

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը. օրակարգային առաջին հարցը ուսանողների ուսումնադաստիարակչական, գիտահետազոտական, հայրենասիրական դաստիարակության աշխատանքների մասին ուսանողական խորհրդի հաշվետվությունն էր: ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը հաշվետվությունը ներկայացրեց տեսահոլովակով, որտեղ համառոտ ներկայացված էր մեր բուհի ուսանողական խորհրդի մեկ տարվա գործունեությունը: Անցնող տարում ՈՒԽ-ն, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, որպես գլխավոր խնդիր դիտարկել է ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանությունը, սակայն գործունեության մյուս ուղղությունները ևս ընդգրկուն են եղել՝ գիտակրթական, հետազոտական, մարզամշակութային, սոցիալական, ռազմահայրենասիրական աշխատանքներ, համագործակցային կապեր տեղական և արտերկրի կառույցների հետ: Այլ կերպ ասած, ուսանողների ձեռքբերումների ու հաջողությունների փաթեթը բավական հարուստ էր: ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը համոզմունք հայտնեց, որ ՀՊՏՀ ուսխորհուրդը հայաստանյան բուհերի շարքում լավագույններից է, ապա առաջարկեց, որ ուսխորհուրդն ավելի ակտիվացնի կրթական խնդիրների շուրջ աշխատանքները և հանդես գա կրթության որակի բարելավմանn ուղղված առաջարկներով: Գիտխորհուրդը ուսխորհրդի տարեկան հաշվետվությունը բավարար գնահատելու մասին որոշումն ընդունեց միաձայն:

ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց «ՀՊՏՀ գործունեության բարելավման գործողությունների ընթացքի մասին» հարցը՝ հիշեցնելով, որ նշված փաստաթղթով նախատեսվում 1 բուհի գործունեության բարելավման 35 նպատակ, ավելի քան 110 գործողություն: Անդրադառնալով կատարված աշխատանքների ընթացքին՝ պրոռեկտորը մանրամասն ներկայացրեց յուրաքանչյուր չափանիշներով արված գործողությունները՝ շեշտելով, որ անելիքները շատ են: Պարույր Քալանթարյանը նշեց, որ գործողությունների պլանով նախանշված անելիքների մեծ մասը պետք է ավարտին հասցնել 2016թվականին և հորդորեց ավելի ակտիվացնել աշխատանքները: Հաղորդումն ընդունվեց ի գիտություն:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ներկայացրեց «ՀՊՏՀ ՊՈԱԿ խորհրդի կազմում պրոֆեսորադասախոսական կազմից առաջադրված թեկնածուներին ընտրելու մասին» հարցը՝ տեղեկացնելով, որ բուհի խորհրդի կազմի ժամկետը լրանալու պատճառով ֆակուլտետները ներկայացրել են նոր թեկնածուներ: Ներկայացված ցանկը հաստատվեց բաց քվեարկությամբ:

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման և զարգացման ծրագրերի 2015 թվականի հունվար-դեկտեմբեր  ժամանակահատվածն ընդգրկող հաշվետվությունների մասին» (ծրագրերի գիտական ղեկավարներ՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Սուվարյան և մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ. թ., պրոֆեսոր Իշխան Տիգրանյան) հարցի շրջանակներում հաշվետվություններ ներկայացրեցին տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանը և Իշխան Տիգրանյանը: Գիտխորհուրդը հավանություն տվեց հաշվետվություններին և որոշեց ներկայացնել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե:

Ընթացիկ հարցերի շարքում ներկայացվեցին ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ  հաստատելու մասին մի շարք հարցեր, հրատարակության երաշխավորվեց 2 ուսումնական ձեռնարկ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին