Մագիստրոսական թեզեր են պաշտպանում արտաքին առևտրային քաղաքականություն մասնագիտացման շրջանավարտները
ՀՊՏՀ-ում շարունակվում են դեկտեմբերի 7-ից մեկնարկած հեռակա ուսուցման մագիստրատուրայի 2015-2016 ուստարվա շրջանավարտների մագիստրոսական թեզերի պաշտպանությունները: Այսօր թեզեր են պաշտպանում տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Արտաքին առևտրային քաղաքականություն» մասնագիտացման 3-րդ կուրսի ուսանողները:
Նշված մասնագիտացման ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, հանձնաժողովի կազմում են ՀՊՏՀ ռեկտորատի ներկայացուցիչ, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Նազարյանը, նույն ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր Դավիթ Հախվերդյանը, ՀՀ Վերահսկիչ պալատի գլխավոր մասնագետ, տ.գ.թ. Նարեկ Հովականյանը, ՀՀ ԿԳՆ ներքին աուդիտի վարչության ներքին աուդիտի իրականացման բաժնի պետ, տ.գ.թ. Վահրամ Գասպարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ, տ.գ.թ. Համազասպ Գալստյանը, հանձնաժողովի քարտուղարն է ՄՏՀ ամբիոնի ավագ լաբորանտ Նարինե Շեկոյանը:
Մեր այցելության պահին «Հնդկաստանը՝ աութսորսինգի համաշխարհային շուկայի առաջատար» թեմայով մագիստրոսական թեզն էր ներկայացնում շրջանավարտ Մելինե Ապրեսյանը: Հաջորդիվ ելույթ ունեցան Լիլիա Գրիգորյանը «ԲՌՀՉԱ և ԲՌՀՉԱ երկրների միջազգային կորպորացիաների արտաքին շուկաներում ընդլայնման գործիքները» թեմայով, Գևորգ Ղուկասյանը՝ «Զարգացման Սինգապուրյան մոդելը և ՀՀ տնտեսությունը» թեմայով:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ղեկավար Գրիգոր Նազարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, գոհ է այսօրվա պաշտպանություններից: Նա որպես թերություն մատնանշեց որոշ աշխատանքներում հիմնավոր առաջարկությունների բացակայությունը:
«Մագիստրանտերի աշխատանքներում երևում է գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունը, թեմաներն արդիական և հետաքրքիր են: Պետք է նշել, որ տարբերվում են այն մագիստրանտների աշխատանքները, ովքեր ունեն տնտեսագիտական բազային կրթություն. այնտեղ ներկայացված են խորը վերլուծություններ»,-ասաց Գրիգոր Նազարյանը:
Նշենք, որ հեռակա ուսուցման մագիստրատուրայում թեզերի պաշտպանությունները կշարունակվեն մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը:
Բոլորին մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին