Տնտեսագիտական համալսարանում իրականացվող բարեփոխումները ողջունելի են. «Արարատբանկի» նախագահն ու ռեկտոր Կորյուն Աթոյանը հավաստագրեր հանձնեցին ուսանողներին

Դիտումների քանակ՝ 1182

Մեր համալսարանի բանկային գործ մասնագիտության 4-րդ կուրսի 37 ուսանողներ, որոնք մասնակցել են  «Արարատ» բանկի  կողմից կազմակերպված վարպետության դասերին, այսօր համալսարանում ստացան «Արարատ» բանկի հավաստագրեր՝ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի և «Արարատ» բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի կողմից:

Ներկաներին ողջունեց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նշելով, որ մեր համալսարանի համագործակցությունը ՀՀ առևտրային բանկերի հետ տարիների  պատմություն ունի: «Տարիներ առաջ Հայաստանի բանկերի միությունը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կնքեցին փոխհամագործակցության համաձայնագիր, որը մեծ հետաքրքրություն էր ներկայացնում այն առումով, որ ընդգրկում էր կրթական գործընթացի բավականին լայն շերտեր», - ասաց ռեկտորը և հավելեց, որ համաձայնագիրը նախատեսվում էր համագործակցության՝ ուսումնական ամբողջ գործընթացի կազմակերպման գործում՝ կրթական ծրագրերի մշակումից մինչև պրակտիկաների կազմակերպում:

«Այս ընթացիկ պրոցեսների շարքում այս տարի ավելացավ համագործակցության նոր ձևաչափ՝ վարպետության դասեր բանկերում, մասնավորապես, «Հայբիզնեսբանկում» և «Արարատ» բանկում: Ես շատ եմ կարևորում բանկերի, և ընդհանրապես գործատուների հետ մեր համագործակցությունը: Այսօր կրթական շուկայում մրցակցությունը բավականին մեծացել է,  տնտեսագիտական մասնագիտությամբ կրթություն են տալիս բավականին շատ հայաստանյան  և արտասահմանյան բուհեր, ինչը մեզ պարտավորեցնում էլ ավելի բարձրացնել կրթության որակը», - ընդգծեց ռեկտորը: Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց «Արարատ» բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանին համակողմանի փոխգործակցության համար, իսկ ուսանողներին հավաստիացրեց, որ գործատուները նույնպես շահագրգռված են ուսանողների կրթության որակով:

«Արարատ» բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ռեկտոր Կորյուն Աթոյանին համագործակցության, ինչպես նաև ուսանողների կրթության կազմակերպման գործընթացը նոր մակարդակի հասցնելու համար: Շեշտելով, որ իրենք համագործակցում են շատ բուհերի հետ՝ բանկի վարչության նախագահը հույս հայտնեց, որ վարպետության դասերը կօժանդակեն ուսանողներին, կտան բանկային գիտելիքներ:

Անդրադառնալով ՀՊՏՀ-ի հետ համագործակցությանը՝ Աշոտ Օսիպյանը ուրախություն հայտնեց բուհում իրականացվող բարեփոխումների առնչությամբ: «Այն բարեփոխումները, որ այսօր իրականացվում է այս բուհում, ողջունելի փոփոխություններ են»,- ասաց նա՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել բուհին՝ բոլոր նոր նախաձեռնություններում:

ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Աննա Ասլանյանը ևս գոհունակություն հայտնեց համագործակցությունից՝ շեշտադրելով վարպետության դասերի ձևաչափով անցկացվող դասախոսությունների կարևորությունը:

Ուսանողուհի Արաքսյա Գրիգորյանը հավաստագիրը ստանալուց հետո  մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն իսկ այն հանգամանքը, որ իրենք հնարավորություն ունեին մասնակցելու վարպետության դասերի ոգևորիչ էր:

«Մեծ ոգևորությունը մեզ մոտ առկա էր բանկում վարպետության դասերին մասնակցելու առաջին իսկ օրվանից, իսկ այժմ՝ հավաստագիրը ստանալուց հետո, կարող եմ ասել, որ  վարպետության դասերին մասնակցելու ընթացքում մենք հասկացանք , որ մեր համալսարանի տված մասնագիտական գիտելիքները կիրառելի են գործնականում, ինչպես նաև բանկի լավագույն մասնագետների օգնությամբ լրացրեցինք մեր գիտելիքները: Կարծում եմ, հավաստագիրը հնարավորություն կտա վաղն աշխատաշուկայում ավելի մրցունակ լինել, իսկ ցանկությունը աշխատելու հենց «Արարատբանկում» մեծ է, քանի որ այն հայաստանյան առաջատար բանկերից է: Շնորհակալություն՝ մեզ նման հնարավորություն ընձեռելու համար»,-ասաց ուսանողուհին:

Հավաստագրերի հանձնումից հետո ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանկի վարչության նախագահին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին