«Ինչպե՞ս հիմնել Start up Հայաստանում» թեմայով դասախոսություն մեր ուսանողների համար

Դիտումների քանակ՝ 1265

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովի  հերթական նախաձեռնության շնորհիվ այսօր մեր ուսանողները հնարավորություն ստացան մասնակցելու «Ինչպե՞ս հիմնել Start up Հայաստանում» թեմայով սեմինարի, որը վարում էր  «GG Taxi » ընկերության օպերացիոն գծով տնօրեն Վահրամ Միրաքյանը:

Բանախոսն անդրադարձավ բիզնես հիմնադրելու, վարելու առանձնահատկություններին՝ փոխանցելով գործնական գիտելիքներ: Վահրամ Միրաքյանը բիզնես ոլորտի մարդկանց բաժանեց երկու խմբի՝ մարդ-ստեղծող և մարդ- վաճառող, ապա առանձին-առանձին վերլուծեց նրանց հատկանիշները: Ներկայացվեց ձեռներեց դառնալու համար անհրաժեշտ հմտությունները, որոնցից կարևորվեց  արագ նախաձեռնելու կարողությունը (քայլ 1՝ «Սկսել հիմա»): Ցանկացած բիզնես գաղափար կյանքի է կոչվում և հաջողություն ունենում, եթե մարդը հետևողական է և մտածող: Վահրամ Միրաքյանը մատնանշեց բիզնես-ռեսուրսները՝ մարքեթինգ և վաճառքներ, պարզաբանեց դրանց արդյունավետ իրականացման եղանակները: Ծավալվեց հետաքրքիր քննարկում, ուսանողները ներգրավվեցին դասախոսությանը, հյուրին հղեցին մի շարք հարցեր: Վահրամ Միրաքյանը ուսանողների համար պատրաստել էր անակնկալ. բանախոսի հարցերին ճիշտ պատասխանողները, ինչպես նաև յուրօրինակ գաղափարներ ու մտքեր արտահայտողներն արժանացան նվերների՝ «GG Taxi» ծառայությունից օգտվելու զեղչի կտրոնների: Այս խրախուսական քայլը մեծ ոգևորություն մտցրեց լսարանում, աշխուժացրեց քննարկումը:

Հանդիպման ավարտին համառոտ ներկայացվեց «GG Taxi» ծառայությունից օգտվելու կանոնները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին