Մագիստրանտները մշակել են ՀՀ-ի համար գնահատված անվանական փոխարժեքի մոդել. սեմինար «Ամբերդում»

Դիտումների քանակ՝ 1715

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօր  կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի, կենտրոնի աշխատակիցների, ուսանողների մասնակցությամբ  հերթական գիտական սեմինարն էր, որտեղ ելույթ ունեցան  «Անվանական փոխարժեքի վարքագծի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» հետազոտական ծրագրի կատարողները: Խմբի ղեկավարն է տ.գ.թ. Լուսինե Հարությունյանը, ով ողջունեց ներկաներին և նշեց, որ հետազոտության նախորդ փուլում խումբը կատարել էր տեսական վերլուծություն, իսկ այս փուլում այդ վերլուծության հիման վրա  կատարվել է մոդելի մշակում: Այն ներկայացնելու համար խոսքը տրամադրվեց մագիստրանտ Զարա Միրաքյանին: Վերջինս  անդրադարձավ անվանական փոխարժեքի և տնտեսական ցուցանիշների միջև կորելացիոն կապերին, ներկայացրեց կորելացիոն վերլուծություն, տնտեսական ցուցանիշների շարքերի ուսումնասիրություն, այնուհետև՝ Հայաստանի համար գնահատված անվանական փոխարժեքի մոդելի տեսքը, պարզաբանեց այն:

Դոլարայնացման, մասնավորապես Հայաստանում դոլարայնացման երևույթի մասին խոսեց Լուսինե Խաչատրյանը: Բանախոսը անդրադարձավ դոլարայնացման բացասական ազդեցություններին, ցույց տվեց Հայաստանում դոլարայնացման շարժը (2003-2015թթ.),խոսեց իրական և ֆինանսական հատվածների դոլարայնացման մասին, գրաֆիկական  պատկերով  ներկայացրեց դոլարայնացման մակարդակը, ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար փոխարժեքը և այլն:

Հաջորդը ելույթ ունեցավ Լիլիթ Առաքելյանը՝ կանգ առնելով ՀՀ Կառավարության արտաքին պարտքի շարժընթացի (2005-2014 թթ.), արտաքին պարտքի արժութային կառուցվածքի, փոխարժեքի՝ պարտքի ծավալների վրա արժեզրկման ազդեցության և այլնի վրա:

Բանախոսների ելույթների շուրջ քննարկումներ ծավալվեցին, ունկնդիրների կողմից հարցադրումներ հնչեցին: Պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք մագիստրոսները գնահատել են ներկայացված  մոդելի գործնական կողմը:

Հավելենք, որ վերոնշյալ հետազոտության վերջնարդյունքը նախատեսվում է ներկայացնել դեկտեմբերի վերջին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին