ՀՀ հարևան երկրների դրամավարկային քաղաքականությունը՝ ՀՊՏՀ գիտաուսումնական լաբորատորիայի ուսումնասիրության նյութ

Դիտումների քանակ՝ 1500

«Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» գիտաուսումնական լաբորատորիան այսօր միջազգային ծրագրերի սրահում հանդես եկավ «ՀՀ հարևան երկրների դրամավարկային քաղաքականությունների ուսումնասիրությունը և ԱՄՀ գնահատականները (Վրաստան, Իրան, Ադրբեջան, Թուրքիա)» խորագրով սեմինարով, որին մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, դեկաններ, ամբիոնների վարիչներ, պրոֆեսոդասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, գիտաուսումնական լաբորատորիաների ղեկավարներ ու հետազոտողներ, ինչպես նաև ուսանողներ:

Գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյանը ներկայացրեց խմբի կատարած աշխատանքը, թեմայի ընտրությունը, ապա խոսքը փոխանցեց բանախոսներին, որոնք ներկայացրեցին Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի դրամավարկային քաղաքականությունը և ԱՄՀ գնահատականները, հետո համեմատականներ անցկացրեցին ՀՀ-ի հետ:

Կրտսեր գիտաշխատող Տաթևիկ Ազատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հետազոտական խմբի նպատակն է եղել ՀՀ հարևան պետությունների դրամավարկային քաղաքականության ուսումնասիրությունը, որոնց թվում դիտարկվել են ռազմավարությունները, գործիքակազմը, միտումները, մակրոտնտեսական ցուցանիշները, բացահայտվել են պատճառահետևանքային կապերը: «Սա մեզ համար կարևոր ուսումնասիրություն էր այն առումով, որ ուսումնասիրված տեղեկատվական նյութը նախանշելու է Հայաստանի դրամավարակային քաղաքականության հետազոտումը, այսինքն՝ հիմք է դառնալու հետագա աշխատանքների համար»,- ասաց Տաթևիկ Ազատյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին