ՀՊՏՀ պատվիրակությունը՝ Գերմանիայում. ստորագրվել է միջբուհական համաձայնագիր

Դիտումների քանակ՝ 1929

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ֆինանսավորմամբ, փաստահավաք առաքելության շրջանակներում, դեկտեմբերի 4-8-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորած պատվիրակությունը գտնվել է գերմանական Ցվիկաուի կիրառական գիտությունների համալսարանում: Պատվիրակության կազմում են եղել արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնում են արտաքին կապերի բաժնից, ՀՊՏՀ ներկայացուցիչներին ընդունել է նշված համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կառլ Շվիստերը, երկու բուհերի ղեկավարները ստորագրել են  միջբուհական համագործակցության հուշագիր: Պատվիրակությունն այցելել է հյուրընկալող համալսարանի տեղեկատվական կենտրոն, գրադարան, ծանոթացել կառույցների գործունեությանն ու փորձին, այնուհետև եղել է տնտեսագիտական ֆակուլտետում, դեկան Ստեֆան Կասելի հետ քննարկել փոխգործակցությանն առնչվող հարցեր: Հյուրերին ընդունել է նաև միջազգային համագործակցության գրասենյակի ղեկավար Ադրիանա Սլավչեվան, կողմերն ուսանողների և դասախոսների փոխանակում իրականացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին