Ռեկտոր Կորյուն Աթոյանի նոր նախաձեռնության առաջին պտուղները. խրախուսումներ ՀՊՏՀ աշխատակիցներին
ՀՊՏՀ նորաստեղծ ընտանիքների և մայրության աջակցման վերջերս ներդրված կարգը, որը ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի նոր նախաձեռնությունն է, ունեցավ իր առաջին շահառուները: ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստում ռեկտոր Կորյուն Աթոյանը խրախուսումներ հանձնեց համալսարանի երեք աշխատակիցներին՝ 2 հոգու ընտանիք կազմելու և մեկին՝ առաջին երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ: Ըստ սահմանված կարգի՝ նրանք ստացան 100 հազար դրամ՝ որպես խրախուսում: Օրվա հերոսներն էին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոզա Բուդաղյանը, ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Մեսրոպ Ղուկասյանը և բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ Դավիթ Հակոբյանը: Առաջին երկուսը պարգևատրվեցին նոր ընտանիք կազմելու, իսկ երրորդը առաջին երեխան ունենալու կապակցությամբ:
«Մեր ամբողջ կոլեկտիվի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ, մաղթում ընտանեկան երջանկություն ու բարօրություն, իսկ երեխային առողջություն ու երջանիկ մանկություն»,- ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ ավելացնելով, որ հետագայում խրախուսման չափերը կավելանան: Համալսարանի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ բուհի ղեկավարության այս մոտեցումը աշխատակիցներին կխրախուսի ընտանիք կազմել և շատ երեխաներ ունենալ:
Հիշեցնենք, որ նոր կարգը նախատեսում է 100-250 հազար միանվագ խրախուսում՝ թե՛ համալսարանի աշխատակիցների կողմից նոր ընտանիք կազմելու, թե՛ երեխայի ծնունդի դեպքում: Եվ այսպես, համալսարանի աշխատակցի կողմից նորաստեղծ ընտանիքի կազմման համար կարգը սահմանում է 100 հազար դրամ, իսկ համալսարանի երկու աշխատակիցների կողմից նորաստեղծ համատեղ ընտանիքի կազմման դեպքում 250 հազար դրամ: Համալսարանի աշխատակցի առաջին երեխայի ծննդյան դեպքում կարգը սահմանում է 100, երկրորդի դեպքում՝ 150, երրորդի դեպքում՝ 200, իսկ միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնունդի դեպքում՝ 250 հազար դրամ: Այս կարգի մասին ավելի վաղ արված մեր ընդարձակ անդրադարձին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://goo.gl/H7DSv9, իսկ նոր կարգին՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» խորագրի ներքո:
ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնի պետ Գոհար Սարգսյանը, ով նույնպես ներկա էր արարողությանը, մեզ հետ զրույցում նշեց. «Սա հրաշալի նախաձեռնություն է և բուհի անձնակազմին խրախուսելու լավ տարբերակ: Այսօրվա դեպքը հետաքրքրական է նրանով, որ կարգով նախատեսված երկու տարակարգով էլ խրախուսման արժանացողներ կան, այսինքն ունենք և՛ նոր ամուսնացողներ, և՛ երեխա ունեցող»:
Խրախուսման արժանացած աշխատակիցների տրամադրությունը բարձր էր: «Սա ինձ համար կյանքի նոր՝ հուսառատ ու բերկրաշատ ճանապարհին հանդիպած առաջին անչափ հաճելի ու նույնքան անսպասելի անակնկալն էր: Շնորհակալություն բուհի ղեկավարությանը նման նախաձեռնության, աշխատակցի նկատմամբ անհատական հոգածության ու կոլեկտիվ ջերմության համար, ընտանիքի՝ հասարակության բնական ու հիմնական բջջի ստեղծումը խրախուսելու համար, ինչն այնքան հուզեց ու շահամիտեց այն ավելի ամբողջական ու լիարժեք դարձնելու»,- նշեց Ռոզա Բուդաղյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին