ՀՊՏՀ-ն՝ որակի ապահովման վերապատրաստման եռօրյա դասընթացի մասնակից

Դիտումների քանակ՝ 1206

Նոյեմբերի 23-25-ը Տեմպուսի «Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում» («ESPAQ») ծրագրի շրջանակում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել որակի ապահովման վերապատրաստման եռօրյա դասընթաց, որն իրականացվել է  Շոտլանդիայում որակի ապահովմանն ուսանողական համագործակցության (SPARQS) և Եվրոպական ուսանողական միության (ESU) ներկայացուցիչների կողմից։ Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ որակի ապահովման բաժնից:

Վերապատրաստումն ուղղված է եղել  հայաստանյան բուհական համակարգում ուսանող փորձագետների (ներկայացուցիչների) արդյունավետ թիմ ձևավորելուն։ Դասընթացի նպատակն է եղել  մասնակից ուսանողներին ապահովել որակի ապահովման մշակույթի ու միջավայրի, որակի ապահովման գործընթացին ուսանողների մասնակցության, ներկայացուցչականության և համագործակցության հիմնական մոդելների ու սկզբունքների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներով։

Վերապատրաստման դասընթացին մասնակցել են  ծրագրի գործընկեր ՀՀ 5 բուհերի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանների և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները, ինչպես նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչները։ Դասընթացի ավարտին մասնակիցները ստացել են  վերապատրաստման հավաստագրեր։

Ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել պաշտոնական կայք էջում՝ http://www.espaq.eu/։

Լուսանկարները՝ ՀՊՏՀ որակի ապահովման բաժնից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին