Ժեստերի լեզուն՝ զգացմունքների մեծ աշխարհ. միջոցառում ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 2657

Մեր համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում այսօր ինքնատիպ միջոցառում էր. մարքեթինգ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Ալավերդյանի նախաձեռնությամբ և նրա բանախոսությամբ ներկայացվեց խուլ ու համր մարդկանց ժեստերի`մատնախոսության լեզուն: Միջոցառմանը ներկա էին  ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը, տեղակալներ Վադիմ Գրիգորյանը, Կարմեն Գրիգորյանը, մարքեթինգի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը, մարքեթինգի ամբիոնի դասախոս, տ.գ.թ., դոցենտ Լիլիթ Դադայանը:

«…Արի ապրենք ժեստերում». հեղինակն այսպես էր վերնագրել միջոցառումը:

Աննա Ալավերդյանը ներկայացրեց վիճակագրություն՝ աշխարհի և Հայաստանի համար: Ինչպես ներկայացրեց հեղինակը, աշխարհում ապրում է ավելի քան 70 մլն խուլ ու համր մարդ, իսկ Հայաստանում՝ 3500-ը, որից 1000-ը երեխաներ են:

Բանախոսն ըստ իր դասակարգած ենթավերնագրերի՝ «Այբուբեն», «Ընտանիք», «Երկրներ», «Իմ սիրելի բառերը», «Եղբորս սիրելի ժեստերը», «Հետաքրքիր ժեստեր», խոսեց ժեստերի լեզվով: Ուսանողուհին նաև օգնեց ներկաներին պատկերել մատնախոսության այբուբենի տառերը (մատնախոսության այբուբենը տառանշանների համակարգ է), անվանել ամենակիրառական բառերը,  ինչպես օրինակ՝ ուտել, սիրել, ընտանիք, մայր, հայր, շնորհակալություն, զարմանալ, հասկանալ և այլն: Ուշագրավ է, որ յուրաքանչյուր տառ արտահայտելու համար մատներին տրվում է որոշակի դիրք, որը լրիվ կամ մասնակիորեն նմանվում է տառի պատկերին, որոշների դեպքում կատարվում է շարժում կամ օդում պատկերվում է տառը:

Հանդիպումը ինտերակտիվ մթնոլորտում  էր, ծավալվեց հարցուպատասխան:

Միջոցառման ավարտից հետո ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Աննա Ալավերդյանը նշեց՝ զարմացած է, որ մեծաթիվ ուսանողների էր հետաքրքրել  միջոցառումը, և անկեղծացավ, որ ինքն այսքան մեծ լսարան չէր ակնկալում:

«Ուրախությամբ տեղեկացա, որ այստեղ էին ոչ միայն մեր բուհի, այլև այլ բուհերի ուսանողներ: Ժեստերի լեզուն սովորել եմ անհրաժեշտությունից ելնելով (ունեմ խուլ ու համր հարազատներ), և ինձ համար բացահայտել եմ  զգացմունքների մի մեծ աշխարհ: Ինձ համար այն էմոցիաներն արտահայտելու յուրահատուկ ձև է: Ճիշտ է, ընկալման առումով այն փոքր-ինչ բարդ է. ըստ մասնագետների՝ ժեստերի լեզուն սովորում են 5 տարում, բայց միաժամանակ, տրամաբանական և պատկերավոր է»,-ասաց Աննա Ալավերդյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին