ՄԻԱՎ-ՁԻԱՀ. իրազեկող սեմինար ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1167

ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ (դեկտեմբերի 1)՝ մեր համալսարանի ուսանողական խորհրդի սոցիալական հարցերի հանձնաժողովի, «Հայկական Կարմիր խաչ» ընկերության,  ՀՀ առողջապահության նախարարության  ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և «Կարմիր խաչի  և կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի» աջակցությամբ այսօր մեր բուհի դահլիճում տեղի ունեցավ սեմինար, որի ընթացքում խոսվեց ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի մասին: Սեմինարին մասնակցում էին  մեծաթիվ ուսանողներ:

Մեր բուհում հյուրընկալվել էին «Հայկական Կարմիր խաչ» ընկերության ներկայացուցիչներ Կարինե Սարգսյանը, Արմինե Հակոբյանը («Առողջ ապրելակերպ» ծրագրի կոորդինատոր), Ինեսա Ոսկանյանը («ՄԻԱՎ-ի կանխարգելում» ծրագրի կամավոր):

Բանախոսությամբ հանդես եկավ  Արմինե Հակոբյանը, ով  անդրադարձավ նախ ՄԻԱՎ-ՁԻԱՀ հիվանդությանը, պարզաբանեց դրա ախտանիշները, ապա նշեց դրա փոխանցման  ուղիները (սեռական կյանք, ներարկիչներ, մայրական կաթ և այլն), վարակի կանխարգելմանն ուղղված քայլերը, թիրախային խմբերը և այլն: Ներկայացվեց նաև Հայաստանի համար վիճակագրություն: Հանդիպման երկրորդ մասում ցուցադրվեց տեղեկատվական տեսանյութ, որտեղ  հանդես էին գալիս նաև բժիշկ-մասնագետներ: Ուսանողները բանախոսին հղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ: Նրանք հետաքրքրվեցին, օրինակ, թե առավելագույնը քանի տարի կարող է ապրել ՄԻԱՎ վարակակիրը, հնարավո՞ր է արդյոք վարակակիր մորից ծնվի առողջ երեխա և այլն:

«Հայկական Կարմիր խաչի» ներկայացուցիչները հանդիպման ավարտին նշեցին, որ ՀՊՏՀ բուժկետում այսօր նախատեսվում է իրականացնել ՄԻԱՎ-ի անանուն անվճար թեստ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Արմինե Հակոբյանը նշեց, որ նմանատիպ իրազեկող միջոցառումներ այս օրերին անցկացվում են հայաստանյան բուհերում և հերթական հանգրվանն այսօր Տնտեսագիտական համալսարանն է: Նպատակը երիտասարդներին հիվանդության մասին իրազեկելն է, քանի որ  տեղեկացված անձը կարող է  խելամիտ վարքագիծ դրսևորել և խուսափել կյանքի համար վտանգավոր ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին