ՀՊՏՀ-ում էր «Մալխասյան քոնսալթինգ»-ի հիմնադիրը
ՀՊՏՀ ուսանողների համար այսօր ուշագրավ բանախոսությամբ հանդես եկավ «Մալխասյան քոնսալթինգ» կազմակերպության հիմնադիր Արման Մալխասյանը: Սեմինարը ՀՊՏՀ ուսանողների համար կազմակերպվել էր նշված կազմակերպության հիմնադրման 5-ամյակի առիթով: Մասնակցում էին տարբեր ֆակուլտետների տասնյակ ուսանողներ:
ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի ղեկավար Էռնեստ Դավթյանը, ներկայացնելով հյուրին, նշեց սեմինարի թեման, այն է՝ «Ինչպե՞ս գտնել աշխատանք Հայաստանի բանկային համակարգում», ապա խոսքը փոխանցեց բանախոսին:
Ինչպես ողջույնի խոսքում նշեց Արման Մալխասյանը՝ իրենց կազմակերպության հոբելյանի առիթով հայաստանյան տարբեր բուհերում անցկացվում են սեմինարներ և սա հերթականն է: Նա հավելեց, որ ՀՊՏՀ ուսանողների համար անցկացվող սեմինարի թեման առաջարկել է մեր բուհի կարիերայի և մարքեթինգի կենտրոնը, և սեմինարի հիմնական նպատակն է ուսանողներին տեղեկացնել, թե ինչ հնարավորություններ և հեռանկարներ կան հայաստանյան բանկային համակարգում:
«Մալխասյան քոնսալթինգ» կազմակերպության հիմնադիրը խոսեց մեր երկրում աշխատանք գտնելու, մասնավորապես բանկերում աշխատանքի անցնելու առանձնահատկությունների մասին, անդրադարձավ գործատուի պահանջներին, ֆինանսաբանկային համակարգում աշխատելու համար անհրաժեշտ հիմնական գիտելիքներին: Ուշագրավ է, որ այս ամենը ներկայացվեց ոլորտում երկարամյա փորձ ունեցող անձի դիտանկյունից, և պատկերավոր օրինակներով ուսանողներին փոխանցվեցին գործնական գիտելիքներ, հմտություններ:
Սեմինարի ավարտին Արման Մալխասյանը պատասխանեց ունկնդիրների հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին