«Բուհի ղեկավարությունից կախված ամեն ինչ անելու ենք՝ սպորտը բուհում զարգացնելու համար». Կորյուն Աթոյանը մասնակցեց «Ուսանողական աշուն-2015»-ի մեկնարկին

Դիտումների քանակ՝ 962

Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ այսօր բուհում երեք մարզաձևերի առաջնություններով  մեկնարկեց «Ուսանողական աշուն -2015» մարզամշակութային փառատոնը: Ուսանողներն ուժերը չափում  են շախմատ, բազկամարտ, վոլեյբոլ մարզաձևերում:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շրջեց մարզադահլիճներում, եղավ բուհի նախասրահում, հետևեց մարզական առաջնությունների ընթացքին: Իր խոսքում ռեկտորը կարևորեց սպորտի զարգացումը համալսարանական կյանքում և նշեց, որ բուհի ղեկավարությունը պատրաստ է աջակցելու նմանաբնույթ փառատոնների անցկացմանը: «Բուհի ղեկավարությունից կախված ամեն ինչ անելու ենք՝ սպորտը բուհում զարգացնելու համար»,- նշեց Կորյուն Աթոյանը՝ հիշեցնելով «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» գաղափարը:

Մեզ հետ զրույցում ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը նշեց, որ այս տարի մարզամշակութային փառատոնին մասնակցում են նաև Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները:

«Տարեցտարի փառատոնն ընդլայնում է մասնակիցների շրջանակը, և այս տարի ընգրկել ենք Կոնսերվատորիայի ուսանողներին, որոնք ՀՊՏՀ ուսանողների հետ կմասնակցեն ինչպես մարզական, այնպես էլ մշակութային մրցույթներին»,-նշեց Սերգեյ Խառատյանը:

Հիշեցնենք, որ «Ուսանողական աշուն» մարզամշակութային փառատոնի անցկացումը բուհում արդեն ավանդույթ է դարձել. ամեն տարի փառատոնը մարզական, ինտելեկտուալ խաղ-մրցույթների, երգի, պարի, Ուրախների և հնարամիտների ակումբի մրցելույթների շուրջն է  համախմբում ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների ուսանողներին, ստեղծում մրցակցության լայն դաշտ, հնարավորություն ընձեռում ինքնադրսևորվելու, ստեղծագործելու, բացահայտում շնորհալի ուսանողներին: Յուրաքանչյուր առաջնությունում  ֆակուլտետները վաստակում են միավորներ, որոնց հանրագումարով էլ որոշվում է փառատոնի հաղթող ֆակուլտետը:

Տեղեկացնենք, որ  «Ուսանողական աշուն-2015»-ի հանդիսավոր բացումը նախատեսվում է նոյեմբերի 24-ին:

Շնորհավորում ենք «Ուսանողական աշուն-2015»-ի մեկնարկը և փառատոնին մաղթում հաջող ընթացք:

Այսօրվա առաջնությունները արդյունքները կներկայացնենք առաջիկայում:

Նշենք, որ մարզամշակութային փառատոնի շրջանակներում անցկացվող մարզական խաղերը կայանում են ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոսների գործուն աջակցությամբ և մրցավարությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին